Արցախում Կասպշիկին ներկայացրել են ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառման փաստեր
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ։
Հոկտեմբերի 23-ին ժամը 15:05-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ: