Հայկական կողմերը որևէ լծակ չունեն ստիպելու Բաքվին ճանաչել Արցախի անկախությունը. Մելիքյան
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հնարավորություն ունի իր ձեռքի տակ եղած ռազմական ճնշման միջոցներն ամենօրյա ռեժիմով կիրառել, թեկուզ դիպուկահարներին գործի դնելու միջոցով, այսինքն` կարողանում է իր քաղաքական պահանջները նաև գործնական կոնկրետ քայլերի միջոցով կյանքի կոչելու փորձեր կատարել, մինչդեռ հայկական կողմերը որևէ ինքնուրույն արդյունավետ լծակ չունեն ստիպելու Ադրբեջանին ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով, պաշտոնական Երևանը «Մադրիդյան սկզբունքներին» հավանություն տալով ինքն իրեն ու արցախյան իշխանություններին մի այնպիսի իրավիճակի մեջ է դրել, երբ Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարված նպատակին հասնելու համար հայկական կողմերը կարող են միայն թախանձագին խնդրանքներով դիմել միջազգային հանրությանը, որպեզի վերջինս սանձի ադրբեջանական կողմի «ապակառուցողական» ագրեսիվ գործողությունները: Այսինքն, հայ բանակցողներն իրենք իրենց համակարգային ռազմա-քաղաքական կաթվածի վիճակի մեջ են գցել, իսկ արդյունքում հակառակորդի թիրախ են դարձրել մեր զինվորներին ճակատային գծում:
«Իրավիճակը հնարավոր է փոխել և պաշտոնական Բաքվին միանգամայն այլ քաղաքական ու ռազմական պահվածք պարտադրել, ընդ որում բացառապես որոշ կոնկրետ իրավա-քաղաքական քայլեր պարունակող համալիր ծրագրի գործարկման միջոցով»,- համոզված է Մելիքյանը:
Արցախի ՊՆ-ն այսօր հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշվում է, որ Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Իսկ հոկտեմբերի 22-ին ԱՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից կիրառված ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ դրա թողած հետքի տեսագրությունը: