2017թվականի հունվար- օգոստոս ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,5%: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով, հիմնականում դրական ցուցանիշներին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը:
Նա նշեց, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21,7 տոկոս:
«Մեր հիմնական նպատակն է արտահանելի տնտեսություն ունենալ: Նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն ԱՄՆ դոլարով (21.7 %-ով): Դեպի Չինաստան արտահանման աճը կազմել է 23,7%, դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով: Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է 32,4%, իսկ դեպի ԵՄ՝ 32,6%»,- լրագրողների հետ հանդիպմանը թվարկեց նա:
Կարայանի խոսքով, արտահանման աճ է արձանագրվել նաև դեպի Իրան՝ 11,2%, ինչը, նրա գնահատականով, աննախադեպ ցուցանիշ է, քանի որ վերջին տարիներին ՀՀ-Իրան արտահանման ոլորտում նման աճ չի եղել:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքներին, ապա պաշտոնյան տեղեկացրեց, որ գործընթացն, արդեն ավարտական փուլ է մտնում, մասնավորապես համաձյանագրի մեջ ներառված են 40 անուն ապրանքատեսակներ, որոնք Հայաստանի համար շատ կարևոր են:
Վերջում նախարարը վստահաբար հավելեց, որ տնտեսության զարգացման ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ամբողջությամբ արդարացվել է և մեկ տարի առաջ ներկայացված իրենց տեսլականը իրականացել է: