25.11.2024
Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա Ժնևում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մինասյանի դեսպան դառնալուն խանգարել են Հերմինե Նաղդալյանն ու Յուրի Վարդանյա՞նը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հետաքրքիր մանրամասներ են armtimes.com-ին հայտնի դարձել Վրաստանում Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցի վերաբերյալ: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու հարցում վրացիների հիմնական փաստարկն այն է, որ հայկական մամուլում շատ վաղ սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սերգեյ Մինասյանի համար ագրեման հայցելու մասին: Այստեղ ուշագրավ հարցն այն է, թե ով էր այդ տեղեկությունները «մամուլի բերան» գցողը: Մեզ հայտնի դարձավ, որ այս հարցում բոլորը հիմնականում կասկածում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Որովհետեւ հենց Հերմինե Նաղդալյանի անունն էր այս գարնանը շրջանառվում որպես Վրաստանում Յուրի Վարդանյանին փոխարինողի հիմնական թեկնածու: Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ՝ նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, նա ԱԺ-ում չէր:


Ամեն դեպքում՝ այդ տեղեկությունը մամուլին հայտնի դարձնողը հստակ հասկացել է, որ վրացական կողմին դուր չի գա, որ սովորաբար գաղտնի պահվող ագրեմանի տրամադրման գործընթացը հայկական մամուլով կհրապարակայնացվի, ու արձագանքը կլինի սուր: Սկզբում կարծում էինք, որ միգուցե նաեւ ԱԳՆ-ից լիներ Սերգեյ Մինասյանի ագրեմանին սպասելու տեղեկատվության արտահոսքը՝ վրացական կողմի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու ակնկալիքով, բայց մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պաշտոնական շրջանակներում վստահ են՝ տեղեկատվության արտահոսքը ԱԳՆ-ից չի եղել, այլ այս հարցում որոշակի շահագրգռություններ ունեցող քաղաքական ու Վրաստանում հետաքրքրություններ ունեցող բիզնես շրջանակներից:


Ու քանի որ այս հարցում ամենաշահագրգռված անձանցից առաջինը հենց Հերմինե Նաղդալյանն էր, նրա վրա էլ ընկել են հիմնական կասկածները: Բացի Նաղդալյանից՝ Սերգեյ Մինասյանին դեսպան նշանակելու մտադրությունը, ըստ մեր հավաստի աղբյուրների, դուր չի եկել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:


Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը սկսեց ակտիվորեն քննարկել Սերգեյ Մինասյանի համար Վրաստանից ագրեման հայցելու մասին տեղեկությունները, եւ հենց ադրբեջանական կողմն էր ակտիվորեն տեղեկություններ տարածում, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական, ազգայնական գործիչ է, սերտ կապեր ունի «Ջավախք» միության հետ եւ այլն: Եվ Վրաստանում գործող ադրբեջանական ազդեցիկ լոբբին հասավ իր այն նպատակին, որ Սերգեյ Մինասյանն ընկալվեր որպես հակավրացական դիրքորոշմամբ գործիչ ու դեսպանի ոչ ցանկալի թեկնածու:


Վրաստանից մեզ հասած տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանը մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ նշվել է, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական դիրքորոշմամբ փորձագետ է, նացիոնալիստ է, Ջավախքի հարցում հակավրացական կեցվածք ունի, նաեւ ադրբեջանական մամուլում Մինասյանի վերաբերյալ հոդվածներ ցույց է տվել վրացի գործընկերներին՝ հասարակական-քաղաքական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ ջանալով «բացահայտել», թե ով է Սերգեյ Մինասյանը:


Վրաստանում հանրության շրջանում Հայաստանի վերաբերյալ քաղաքական ու դիվանագիտական հարցերի քննարկումներն արդեն ստացել են «Սոկարցվելո» ծաղրական անունը՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական լոբբին՝ նաեւ ի դեմս Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության` SOCAR-ի, ակտիվ ազդում է Վրաստան-Հայաստան հարաբերությունների ու հարավային ուղղությամբ պաշտոնական Թբիլիսիի վարած քաղաքականության վրա: Իսկ Սերգեյ Մինասյանն ադրբեջանցիների համար անցանկալի դեսպան կլիներ Վրաստանում:


Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Սերգեյ Մինասյանին, որը կատեգորիկ հրաժարվեց իր՝ դեսպան նշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի պատասխանելուց ու մեկնաբանելուց: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն դեսպանների, դեսպանի թեկնածուների համար ագրեման հայցելու ու դիվանագիտական նման հարցերում, Սերգեյ Մինասյանի ագրեմանի դեպքում՝ առավել եւս, խիստ լռություն ու գաղտնիություն է պահպանում»:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ու Հանրապետական վերնախավում խիստ զայրացել են ԱԺ պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի վրա։ Նրան նախատել են այն բանի համար, որ լրագրողի հետ զրույցում հայտարարել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։


Ի մասնավորի Նաիրի Սահակյանին ասվել է, որ ժամանակից շուտ հայտարարություններ չանի եւ արջի ծառայություն չմատուցի Սերժ Սարգսյանին։ Նրան արգելվել է հարցազրույցներ տալ ու ինքնագլուխ մեկնաբանություններ անել։ Հատկապես խոսել այն թեմաներից մասին, ինչից խելքը չի կտրում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նաիրի Սահակյանը փորձել է արդարանալ` ասելով, թե իր կարծիքն է հայտնել, նրան սաստել են` նշելով. «Դու քո կարծիքը քո ընտանիքում, քո շրջապատում կհայտնես։ Դու խոսել ես քաղաքական թեմաներով եւ դա հիմա վերածվել է ՀՀԿ-ի քաղաքական կարծիքի։ Իսկ մենք առայժմ չենք ուզում այդ թեմայի շուրջ կարծիք հայտնել»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտու­ղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները: Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախա­գահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախա­գահական ընտրություններում: Մեր տեղեկություններով՝ իշխա­նությունների եւ Բալասանյանի հակասության պատճառը վեր­ջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է: Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լի­նել ենթարկվողի կարգավիճա­կում ու իր կանոններն է սահմա­նում: Մեր աղբյուրը չի բացառում նաեւ, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ծառուկյան-Կարապետյաններ տարընթերցումները պայմանավորված են ոչ միայն ՊԵԿ-ի կողմից «Մուլտի գրուպի»` որպես ռիսկային «գոտու» տոտալ ստուգումներով, ինչպես նաեւ Կարապետյանների` «Ալեքս գրուպի» ու նրա ղեկավար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ «հայրական» վերաբերմունքով, որպես այլընտրանքային օլիգարխիկ «կենտրոն», այլեւ հույժ քաղաքական հանգամանքով։ Ռուսաստանը, ասում են, այլեւս չի խաղում Ծառուկյանի հետ, որպես քաղաքական ֆավորիտի, հաշվի չի առնում վերջինիս «բարգավաճական» ռեսուրսը: ԲՀԿ-ում էլ ասում են, որ «պաշտոնական Մոսկվայում» իրենց վրա «բոչկա են գլորում» «նույնք», որոնք հայաստանյան քաղաքական եւ մեդիա դաշտերում փորձում են բարձրացնել նոր խաղացողների, այդ թվում` ընդդիմադիր հարթակում, որպեսզի անհրաժեշտ պահին քաղաքական «պոկում» ապահովեն»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:


Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:


Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:


Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:


Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ այժմ կան կնքված պայամանագրեր, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի մարզ կա, որտեղ պիլոտային ծրագիր են պլանավորել, կհայտարարեն մրցույթ, սակայն դրանից հետո պետք է ուսումնասիրեն ծրագրի դրական եւ բացասական կողմերը:


«Պիլոտային ծրագիրը մոտակա 2-3 ամսում կլինի, իսկ ցանցը մի քիչ ավելի խորը ուսումնասիրելուց հետո… ժամկետները դժվարանում եմ ասել, բայց երեւի մի տարվա մեջ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, որի պատասխանը չգոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը հորդորեց, որ առաջին եռամսյակում ցանցը պետք է պատրաստ լինի:


Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն եւ գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երեւան եկող երթուղիների պարագայում: Միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները փոխկապակցված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ եւ միայն մի քանի ընկերություն է, որ ղեկավարվում է բացառապես տնտեսական գործունեություն ծավալողների կողմից:


Այսպես, Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երեւան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երեւան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն մի մարզում մեկ երկու նման խոշոր խաղացող կա, որոնք էլ ենթադրվում է, որ կդառնան նոր ցանցի հիմնական մասնակիցները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ լավատեղյակների` մինչեւ վերջին վայրկյանը Աբրահամյանները փորձել են պայքարել՝ աթոռանիստ Արտաշատը եւ Այնթապն իրենց տիրապետության տակ պահելու համար: Սակայն նրանց սեղանին է դրվել Նորաշեն համայնքի ղեկավարի հետ տեղի ունեցած պատմության դոսյեն, որին գյուղապետ էր «դարձրել» Հովիկ Աբրահամյանը, ապա փոխվել է մտադրությունը: Հիշեցնենք` ԱԺ ընտրությունների օրերին կրակել էին Նորաշենի համայնքապետի ավտոմեքենայի վրա, նրան ոչինչ չէր եղել, իսկ վարորդը վիրավորվել էր:


Ըստ որոշ լուրերի` կրակողները եղել են Արտաշատի գազալցակայաններից մեկի աշխատակիցները, իսկ լցակայանը պատկանում է Աբրահամյաններին: Ըստ տեղացիների` ընտրությունների ժամանակ գյուղապետին ասված է եղել չաշխատել ՀՀԿ-ի օգտին, սակայն նա չի լսել «վտակների» հորդորը եւ պայքարել է հանուն «գետակ» ՀՀԿ-ի»: