Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա Ժնևում
Հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը:
«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։ Այս պահին բանակցությունները շարունակվում են և այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները հայտնի են, մինչդեռ Հայաստանը, հավատարիմ լինելով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից»,- հավելել է Արմեն Աշոտյանը: