Գումբուրդոյի դեպքերը. վրաց հոգևորականը Վիրահայոց թեմի առաջնորդին երկրի թշնամի է անվանել
Վրաց հոգեւորական, երեց Իլիա Ճիղլաձեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մեջ հոգեւորականը մեղադրում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, գրում է Aliq.ge-ն:
Ճիղլաձեի հայտարարության հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ծանոթացեք Վրաստանի թշնամու եւ Ջավախքի յուրացման գաղափարախոսի, Թբիլիսիում ապրող Կայիափայի ժառանգի հետ: Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն է, ով պատասխանատու է Գումբուրդոյի միջադեպի համար, որպես հոգեւոր առաջնորդ եւ խրախուսող։ Նախորդ ամիսների ընթացքում գրել եմ, որ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքում Գումբուրդոյի եկեղեցին որպես հայկական է ներկայացված։ Այնպես որ, Գումբուրդոյի անտեղյակ ժողովրդին այս սեւազգեստ փարիսեցին է խրախուսում»:
Չնայած այն հանգամանքին, որ մի քանի ամիս առաջ բարձրաձայնել եմ Վիրահայոց թեմի հակավրացական նյութերի առկայության մասին, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ակնհայտ է, որ Վրաստանի պատկան մարմինները բավարար ակտիվությամբ միջոցներ չեն ձեռնարկում: Փոխարենը՝ ակտիվորեն գործում են էթնիկ եւ կրոնական ատելություն տարածող եւ խրախուսող եպիսկոպոս Միրզախանյանը եւ նրա եղբայրները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին խաչքար տեղադրելու համար, որտեղ վերաթաղված է գյուղի բնակիչների նախնիների ոսկորները, որոնք հայտնաբերվել են X դարի եկեղեցու տարածքում վերականգնման աշխատանքների ժամանակ: Գյուղի բնակիչները ամիսներ շարունակ դժգոհում էին այն բանի համար, որ իրենց նախնիների գերեզմանները պղծվում են: Ոսկորների մի մասը վերաթաղված է: Բնակիչները ցանկանում են խաչքար տեղադրել այդ հավաքական գերեզմանի վրա:
Սակայն Ախալքալաքի ոստիկանությունը թույլ չտվեց, որ բնակիչները եկեղեցու բակ մտնեն, ասելով, որ իրենք նման հրաման չունեն: Մարդկանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցավ բախում: Արդյունքում, հատուկ ջոկատայինները բնակիչներին ցրելու համար օդ կրակեցին, ստեղծվեց քաոսային իրավիճակ, եւ մարդիկ քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավորներ, թե ոստիկանության եւ թե գյուղի բնակիչների շարքերում: