Մահացել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը. նա 71 տարեկան էր
Այսօր` սեպտեմբերի 30-ին, 71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։
Կենսագրական տվյալներ
ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է 1946 թ.–ի, փետրվարի 11–ին, Լենինականում։
1963-1968 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։
1969-1970 թթ. անցել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներ։
1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։
1991-1995 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։
1995-1997 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։
1997-1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
1999-2003 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
2003-2004 թթ. - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
2016 թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ և նշանակվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական։
Կոչումներ և շքանշաններ
Գեներալ-գնդապետ (17 դեկտեմբերի 2009 թ.)։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան։
ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։
ՀՀ վարչապետի հուշանվեր (2013)։
Գորիկ Հակոբյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։