Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է. ԿԳՆ
Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է և կմնա այն, քանի որ մենք անկախ պետություն ենք: Մնացած բոլոր առարկները օտար լեզուներ են: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա կոչ արեց չքաղաքականացնել ռուսաց լեզվի հայեցակարգի թեման՝ նշելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսաց լեզվին՝ հայեցակարգ է մշակվել նաև լատինատառ մի շարք լեզուների խորացված դասավանդման մասին: Մկրտչյանի խոսքով, բավարար է կարդալ այդ հայեցակարգերը, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը: Այն է՝ նպաստել հանրակրթական դպրոցների սովորողների օտար լեզուների տիրապետման մակարդակի բարձրացմանը:
«Ունենք հայեցի կրթություն և դրա հիման վրա ունենալու ենք օտար լեզվի ուղղվածություն, որը հնարավորություն կտա երեխաներին ընտրել լեզուն` իրենց հնարավորություններին համապատասխան: Պետք է ունենանք օտար լեզուների բարելավում և խորացված դպրոցներ, որտեղ կկարողանանք ուսուցիչների վերապատրաստում իրականացնե: Օտար լեզվի կարգավիճակ ունի նաև ռուսաց լեզուն»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ 1200 ուսուցչի վերապատրաստման խնդիր է այսօր դրված:
Լևոն Մկրտչյանը հատուկ ընդգծեց՝ հայոց լեզվի բլոկին ձեռք չի տրվում, քանի որ դա է անկախության հենասյունը: Բայց և հորդորեց ընդդիմախոսներին ընդունել, որ օտար լեզուների զարգացման խնդիրը կա այսօր, քանի որ կա ուսուցիչների որակի անկում, մեծ լսարանների և ժամաքանակի պակաս: Իսկ այն, որ նույն ռուսաց լեզուն դասավանդվում է երկրորդ դասարանից, բայց քչերն են կարողանում դրանից քննություն հանձնել, վկայում է խնդրի մասին:
«Ռուսաց լեզուն Հայաստանի համար կարևոր ու անհրաժեշտ օտար լեզու է, այն անցնում են երկրորդ դասարանից: Ռուսացը նաև ԵԱՏՄ աշխատանքային լեզուն է, բնական գիտությունների գրականագիտական հենքը ռուսաց լեզվի վրա է, գիտական հաստատությունների մեծ մասի դաշտը ռուսերենն է»,- հիշեցրեց Մկրտչյանը: