25.11.2024
Զեկույց. Աշխարհում մոտ 40 մլն մարդ ստրկության զոհ է դարձել՝ մոտ 70%-ը կանայք են
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի նյույորքյան հանդիպումները

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:


Նշելով, որ ընթացիկ տարին խորհրդանշական է Հայաստանի և Լեհաստանի համար՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը, նախագահներ Սարգսյանը և Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգով զարգացող միջպետական հարաբերությունները: Օգտվելով առիթից` Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին այդ առիթով հայ համայնքին ուղղված ջերմ խոսքերի համար և բարձր գնահատել լեհ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ:


Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին` այդ համատեքստում կարևորելով բարձրաստիճան հաճախակի շփումներն ու քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը։


Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար: Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանին և հույս հայտնել, որ ձևավորված փոխաջակցման և փոխըմբռնման ավանդույթներն այսուհետ ևս կշարունակվեն:


Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ ձևաչափով համագործակցությունն առաջիկայում ավելի ծանրակշիռ կդառնա:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս նշել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:


Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Սերժ Սարգսյանը կարևորել է այս հարցում հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:


Նախագահ Դուդան ընդգծել է, որ Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և Լեհաստանը վստահ է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա:


Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ:


ԿԽՄԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման հնարավորության համար և գոհունակություն հայտնել Հայաստանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սերտ համագործակցության կապակցությամբ: Պիտեր Մաուրերը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է նույն ոգով շարունակելու փոխգործակցությունը, որը հաջողությամբ զարգանում է հատկապես առողջապահության, պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքի, մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:


Սերժ Սարգսյանը նույնպես կարևորել է Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, ինչպես նաև այդ կառույցի մարդասիրական առաքելությունը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը նաև ԼՂ հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի ներկայությունը և կազմակերպության կողմից ծավալվող գործունեությունը: