23.11.2024
Արցախի Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Ելք»-ը, բացի ԵԱՏՄ-ից դուրս գալուց, որևէ այլ բան չի առաջար­կում. Զատուլին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է.  ««168 ժամ»-ը զրուցել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ: 


-Պարոն Զատուլին, «Ելք» դաշինքը հանդես է եկել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնությամբ: Խորհրդարա­նական խմբակցությունն առաջարկել է հանձնա­ժողով ստեղծել՝ քննարկելու համար ԵԱՏՄ-ի բո­լոր դրական ու բացասական կողմերը, նախատես­վում են նաև լսումներ: ԵԱՏՄ-ում ինչպե՞ս են վե­րաբերվում այս գործընթացին:

-Ես ամբողջ ԵԱՏՄ-ի համար պատասխան տալ չեմ կարող, այդ հարցը կարելի է ուղղել նաև Հա­յաստանի պաշտոնյաներին, քանի որ ձեր երկիրն էլ ԵԱՏՄ անդամ է: Ինչ վերաբերում է «Ելք» դաշին­քի ցանքերին՝ կազմաքանդելու բոլոր այն կա­ռույցները, որոնց Հայաստանն անդամակցում է, կամ առնվազն, չգիտեմ ինչպես անվանել «Արմսիտ» թե «Երևանսիտ», ինչպես «Բրեքսիտն» էին կոչում, ապա, իմ կարծիքով, եթե մի քիչ օբյեկտիվ լինենք՝ «Ելքի» ներկայացուցիչները, բացի միու­թյունից դուրս գալուց, որևէ այլ բան չեն առաջար­կում: Այսինքն՝ Հայաստանի համար ո՞րն է այլընտ­րանքն այսօր այն ամենին, ինչ կապված է եվրասի­ական ինտեգրման հետ: Եվրոատլանտյան ին­տեգրացիա՞ն է: Դե ինչ, Հայաստանն արդեն եղել է ԵՄ-ի հետ ասոցիացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորագրման ուղու վրա, բայց հետաձգել է այդ պայմանագրի կն­քումը: Որքանով ինձ հայտնի է, մոտակա ժամ­նակներում Հայաստանը դժվար թե կարող է հու­սալ դառնալ ԵՄ անդամ: Այնպես, ինչպես շատերը՝ սկսած Ուկրաինայից: Եվ ես կասկածում եմ, որ կա­րող է հույս ունենալ անդամակցել ՆԱՏՕ-ին, առա­վել ևս հուսալ, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Հայաստանի սահմանները և հանդես կգա նրա տարած­քային ամբողջականության երաշխավորի դերում, եթե Հայաստանը հայտնվի վտանգի առջև:


Մենք պարզ պատկերացնում ենք, թե որտեղից է գալիս Հայաստանի պատմական սպառնալիքը, և Հայաս­տանի տարածքում Ռուսաստանի ռազմաքաղա­քական ներկայությունը կոչված է սառը ջուր լցնել նրանց վրա, ով կցանկանա հակահայկական հիս­տերիա բարձրացնել ու դավեր նյութել Հայաստա­նի դեմ: Եթե «Ելք» դաշինքն ինչ-որ ավելի լավ բան առաջարկի Հայաստանի համար, ապա, կարծում եմ, այդ լսումների մեջ ինչ-որ իմաստ կլինի: Հակա­ռակ դեպքում՝ դա պարզապես ցանկություն է ցու­ցադրել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հանդեպ սեփական անհարգալից վերաբերմունքը և սեփական բացասական վերաբերմունքը Ռու­սաստանի հանդեպ՝ որպես այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի հիմնական նախաձեռնող և մասնակից: Այ­սինքն, պարզ ասած, դա ցանկություն է խզել Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող սերտ կապերը: Բայց եթե «Ելք» դաշինքը կայանա­լու այլ հնարավորություն չունի, քան Հերոստրատի նման ինչ-որ բան հրկիզելը, ապա այդ դեպքում էլեկտորալ տեսանկյունից նրանք շատ ճիշտ են վարվում»:


«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցը: Մեր հավաստի տեղեկություններով՝ վրաց ԱԳ նախարարը խոստացել է օրերս ուղարկել Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ագրեմանը»:


«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից և կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։ Ընդ որում՝ փոփոխություններ են սպասվում բոլոր ուղղություններում, բոլոր ոլորտներում: Նախարարների գրեթե կեսը փոխվելու է, փոփոխություններ կլինեն նաև շրջանային ղեկավարների կազմում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում փոխվելու են գյուղատնտեսության, կրթության, էկոնոմիկայի նախարարները, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ղեկավարները»:


«Ժամանակ»-ը գրում է. «Թերթի տեղեկու­թյուններով՝ Վերահսկիչ պալա­տի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազ­գային անվտանգության խորհր­դի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայի­սի 2-ից, երբ խորհրդի քարտու­ղար Յուրի Խաչատուրովը նշա­նակվեց ՀԱՊԿ գլխավոր քար­տուղար: Իշխան Զաքարյանը հույս ունի, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մաս կազմի իշխող կո­ալիցիային, իր նշանակումը ևս իրականություն կդառնա»: