Հայաստանը դեմոգրաֆիական փոսի շեմին է. Տիգրան Ջրբաշյան
Հայաստանն ունի լուրջ մարտահրավերներ և հնարավորություններ: Ամենալուրջ մարտահրավերն արտագաղթն է և բնակչության թվաքանակի նվազումը: Այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներին» նվիրված քննարկմանը հայտարարեց «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Ըստ բանախոսի՝ չի լինում մարտահրավեր առանց հնարավորության և չի լինում հնարավորություն առանց մարտահրավերի, բայց առաջնային է խոսել ու քննարկել մարտահրավերները: Հայաստանը, Ջրբաշյանի խոսքով, դեմոգրաֆիական փոսի շեմին է, ինչը նշանակում է, որ աշխատաշուկա մտնող անձանց քանակն ավելի պակաս է, քան աշխատանքի շուկայից դուրս եկողների քանակը: Բացի այս, կա նաև արտադրողականության խնդիր:
Հաջորդ մարտահրավերը՝ Հայաստանն արտասահմանյան ներդրումների տեսանկյունից ոչ բարվոք վիճակում է, մինչդեռ ակնհայտ է, որ արտասահմանյան ներդրումները կարող են Հայաստանի հետագա զարգացումներն ապահովել:
Ինչ վերաբերում է հնարավորություններին, որ բացվում են հանրապետության առջև, ապա Ջրբաշյանը դրանց թվում նշեց նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ինչը գործարարների համար Հայաստանը կարող է կամուրջ դարձնել ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում: