Մերկելը Թուրքիային չի տեսնում ԵՄ-ում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախընտրական դեբատների ժամանակ հայտարարել է, որ Բեռլինը չի կարող միակողմանիորեն դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, սակայն մտադիր է խստացնել տնտեսական միջոցառումները՝ ի պատասխան Գերմանիայի երկու քաղաքացիների ձերբակալության։
«Մենք չունենք լիազորություն, այդ որոշումն ընդունվում է ԵՄ-ում մեծամասնությամբ»,-նշել է կանցլերը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին այն մասին, թե պե՞տք է արդյոք դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների հերթական ձերբակալություններից հետո։
Նա նշել է, որ չի տեսնում հնարավորություն Թուրքիայի անդամակցության համար, սակայն Բեռլինը կարող է ազդել Անկարայի վրա առաջին հերթին տնտեսական պլանում։
«Մենք պետք է ավելի կտրուկ նախազգուշացում անենք այս երկիր այցելել ցանկացողներին»,-ընդգծել է կանցլերը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վարկային սահմանափակումներ մտցնել։