25.11.2024
Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2,5 մլն հյուրի. հայերը գերադասում են մասնավոր սեկտորը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում պահանջում են Մամեդյարովի հրաժարականը՝ բանակցային գործընթացը տապալելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը պահանջում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը:


Նման պահանջի համար հիմք է հանդիսացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությանը: Նախկին նախարարը իր վերաբերմունքն արտահայտել է Facebook-յան էջում գրառման միջոցով, որը մեջբերում է Minval.az-ը:


Հիշեցնենք, Զախարովան հայտարարել էր, որ «Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունները նոր չեն, դրանց մասին մի քանի անգամ նշվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարություններում»:


«Կարդում եմ տարբեր մեկնաբանություններ և չեմ դադարում զարմանալ: Ինչպես թե՝ նոր բան չկա՞:  Միթե վերջին ամիսներին Լավրովի պլանի մասին չէին խոսում իբրև փաստաթղթի, որը նախատեսում է հինգ շրջանների վերադարձ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միաժամանակյա լուծման հնարավորությամբ, մինչդեռ Հոգլանդի ներկայացրածում այդ շրջանները յոթն են առանց Լաչինի միջանցքի, որից հետո միայն պետք է մեկնարկի ԼՂ վերջնական կարգավիճակը: Ինչու են բոլորը միաբերան պնդում, թե ամերիկյան և լավրովյան մոտեցումներում տարբերություն չկա: Էլ չասած, որ անցած տարի Մեթյու Բրայզան հայտարարեց Ռուսաստանի մոտեցման մասին՝ առաջին փուլում սահմանափակվել երկու շրջանների ազատագրմամբ: Ինչպե՞ս տարբերություն չկա: Մեզ ինչ է, հիմարների տե՞ղ են դրել, որոնք չեն կարող մինչև յոթը հաշվել: Գուցե Մամեդյարովը վերջապես մեզ ասի ճշմարտությունը, թե ի՞նչ առաջարկություններ են դրված բանակցային սեղանին և ինչ է նա քննարկելու Էդվարդ Նալբանդյանի հետ Նյու Յորքում»:


Վերջում Զուլֆուգարովը հավելում է, որ ապշած է նրանից, թե որքան է Զախարովայի մեկնաբանությունը համընկնում Նալբանդյանի և Սերժ Սարգսյանի մեկնաբանությունների հետ:


«Վերադառնալով Մամեդյարովի լռությանը՝ այս անգամ նրան չի հաջողվի թաքնվել աշխատասենյակում: Ես չեմ բացառում, որ բանակցային գործընթացով մտահոգված քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքների շրջանակում կհավաքվեն ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջելով հաշվետվություն կատարված աշխատանքի մասին: Ինչո՞ւ մենք չենք կարող պահանջել Մամեդյարովի հրաժարականը բանակցային գործընթացը տապալելու համար», — հավելել է նա: