Նախարարը պնդում է աննախադեպ աճի մասին, բայց ՀՀ քաղաքացին այն իր վրա չի զգում
Վերջին տարվա ընթացքում մենք բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, այնպես որ եթե ուզում ենք խոսել տնտեսության և զարգացման ուղղությունների վերաբերյալ, պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով ԱՎԾ այն տվյալները, որ 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը երկու հարյուր հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով։
Նախարարի ոխսքով, պետք չէ համադրել այդ երկու ցուցանիշները, քանի որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են՝ փոխկապակցելը այդքան էլ ճիշտ չէ։ Ուստիև ինքը հորդորում է ոչ թե կենտրոնանալ այն ցուցանիշի վրա, թե որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ հորդորում է լսել նայել, թե որքան նոր աշխատատեղ է ստեղծվել:
Սուրեն Կարայանը նաև չհամաձայնեց այն պնդման հետ, որ Հայաստանի քաղաքացիները այս կառավարության մեկ տարվա գործունեությունից որևէ առաջընթաց չեն նկատել: Նախարարի խոսքով՝ իրենց կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը.
«Երբևէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի: Հենց դա է խոսում այն մասին, որ տնտեսությունը զարգացել է: Եվ, բնականաբար, մեր քաղաքացիները դա իրենց մաշկի վրա զգում են, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, վերամշակող արդյունաբերության մասով առաջին 7 ամիսներին երկնիշ աճ կա, նաև աճ է արձանագրվել զբոսաշրջության ոլորտում: Այս բոլոր տենդեցները չեն կարող չնկատվել և չեն կարող չազդել բնակչության վրա»,- համոզված հավելեց իր խոսքը Կարայանը: