Վարորդական իրավունքների խնդիրը. Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայություն է ձեռք բերել
Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը, հայտնում է armtimes.com-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Մինչ այդ, սակայն ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններ էր կատարվել եւ այլ պետությունների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները, որոնք ՌԴ-ի տարածքում տնտեսական գործունեություն էին իրականացնում վարորդական իրավունքի վկայականով, խնդիրների էին բախվել:
«Ի կատարումն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի սույն թվականի օգոստոսի 14-ի որոշման, օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նաեւ մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ»,- մեզ տրամադրած պատասխանում նշել է վարչապետի խոսնակը:
Արամ Արարատյանի խոսքով, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:
2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էր մտել օրենք, որը արգելում էր օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում։ Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, ըստ որի այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը) իրավունք է տրվում վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում՝ ազգային վարորդական իրավունքների հիման վրա։