24.11.2024
Հայտնի է, թե «Ելք»-ը որ փողոցներն է առաջարկում անվանափոխել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սարգսյանը պատասխանեց Պուտինին և Հոգլանդին. Ալիևի հետ հանդիպման թեման փակվո՞ւմ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լուրջ բացահայտումներ է արել: Պարզվում է՝ բաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալները վերջին տարիներին արտոնյալի կարգավիճակում են եղել. պարբերաբար լքել են ՔԿՀ-ն եւ հակառակ օրենքով նախատեսված պահանջի՝ սահմանված ժամկետում չեն ներկայացել կալանավայր: Այս իրավիճակը, սակայն, պատահական չէ. Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերն ու թաղային հեղինակությունները, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եվ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում «ձայն բերող» քրեական տարրերին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին: Եվ ահա չի բացառվում, որ իրականացված բացահայտումները այս գործընթացի հետեւանքն են. քրեական տարրերը աշխատել են ՀՀԿ օգտին, եւ իշխանությունները նրանց այդպես են վարձահատույց եղել. աչք են փակել ՔԿՀ-ում նրանց չգտնվելու վրա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ հացարտադրողները կնվազեցնեն հացի քաշը: Պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի որոշումն է, ըստ որի՝ հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է սանիտարական անձնագիրը ունենալը, այլապես նրանք կտուգանվեն մինչեւ 300 հազար դրամով: Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելը ֆինանսական լրացուցիչ ծախսեր է ենթադրում. մեկ մեքենայի համար փորձաքննության արժեքը 15 հազար դրամ է, բայց մեքենայի կահավորելու արժեքը ըստ չափսերի է՝ մինչեւ 100 հազար դրամ:


Հացարտադրողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեցին ՍԱՊԾ որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ փորձելու են ծախսերը կոմպենսացնել կա՛մ հացը թանկացնելու, կա՛մ արտադրանքի քաշը նվազեցնելու միջոցով»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի պատասխանը ռուս-ամերիկյան ճնշումներին ավելի շուտ եղավ, քան կարելի էր ակնկալել: Շաբաթ օրը Սարգսյանը ավանդույթի համաձայն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, պատվոգրեր հանձնել, ողջույնի խոսք ուղղել, ինչպես նաեւ՝ պատասխանել է երիտասարդների հարցերին: Քիչ առաջ «Արմենպրեսը» որոշակի մանրամասներ հաղորդեց նշյալ հարցուպատասխանից:


«Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում եւ ասել եմ իմ պատկերացումը մեր հարեւանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է նախագահ Սարգսյանը»,-փոխանցում է «Արմենպրեսը»։


Պատկերացնելու համար, թե ինչ նշանակություն ունեն Սերժ Սարգսյանի այս խոսքերը, պետք է հիշել, որ նա պարբերաբար փակ հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, որոնց ժամանակ պատասխանում է նրանց հարցերին: Սակայն միշտ չէ, որ այդ հարցուպատասխանի բովանդակությունը հրապարակայնացվում է: Առավել եւս դժվար է պատկերացնել, որ «Բազեականները» իսկապես հետաքրքրված էին Սարգսյան-Պուտին հանդիպումով կամ ԵԱՀԿ ՄԽ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունով:


Սերժ Սարգսյանին պետք է եղել խոսել այս երկու իրադարձությունների մասին, եւ դրա համար ընտրվել է երիտասարդների հետ հարցուպատասխանի ֆորմատը: Նման անհրաժեշտություն առաջացավ Հայաստանի վրա ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ ռուս-ամերիկյան ճնշումներից հետո: Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հարցի մասին ինքն է խոսել, այն էլ՝ հպանցիկ: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը լսողի դերում է եղել եւ ոչինչ չի պատասխանել: Եթե նույնիսկ այդպես չէ, ապա Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում է, որ էական չէ, թե ինչ է ասել ՌԴ նախագահը: Բացի այդ, իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում էր աշնանը Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին: Ու քանի որ Իլհամ Ալիեւը նույնպես մեկ ամիս առաջ ՌԴ նախագահի հետ էր հանդիպել, սպասվում էր, որ Պուտին-Ալիեւ, Սարգսյան-Պուտին Սոչիի հանդիպումների ժամանակ կորոշվի նաեւ ԼՂ հարցով նախագահների մակարդակով հանդիպման ճակատագիրը:


Ասելով՝ «Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել», Սարգսյանն ըստ էության փակում է այդ հանդիպման թեման: «Արմենպրեսը» նաեւ հաղորդում է. «Սարգսյան- Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջեւ կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ: «Հոգլանդը թողնում է իր աշխատանքը եւ մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետեւ մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձեւավորվել, որովհետեւ այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր»:


Սարգսյանը, փաստորեն, չի բացառել, որ Հոգլանդի հայտարարությունը կարող էր կապ ունենալ Սոչիում իր եւ ՌԴ նախագահի հանդիպման հետ: Իսկ դա նշանակում է, որ այդ կապը 100 տոկոսանոց է, եւ Հայաստանի ղեկավարությունը չի կասկածում դրանում: Այդ դեպքում, ո՞րն է Սարգսյանի պատասխանը Հոգլանդին: Հոգլանդն այլեւս պաշտոնաթող համանախագահ է, եւ նրա խոսքերը որեւէ նշանակություն չունեն: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ որեւէ «այդպիսի» հարց չի քննարկվել, իսկ Հոգլանդի խոսքը որպես Մինսկի խմբում համանախագահի խոսք, այլեւս կորցրել է իր արժեքը: Ռուս-ամերիկյան ճնշումներն, այսպիսով, եռագույն հագած երիտասարդների առաջ գեղեցիկ փաթեթավորվեցին մեկ փաթեթի մեջ եւ ետ ուղարկվեցին հեղինակներին:


Սարգսյանը եւս մեկ կարեւոր հայտարարություն է արել. նա ասել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որեւէ պատճառ չունենք»,-ասել է նա: Այդ փաստաթուղթը չստորագրելու պատճառները նույնպես Ռուսաստանում են: Այս պահին դրանք մենք, փաստորեն, չունենք, բայց մինչեւ աշուն կարող ենք նաեւ ունենալ: Հայաստանում շատերն են թերահավատ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն իսկապես կստորագրվի: Պարզվում է, դրա համար իսկապես լուրջ հիմքեր կան: Դատելով Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից, նա ՌԴ-ի հետ սույն փաստաթղթի շուրջ քաղաքական առեւտուր է անում: Չենք կարող ասել, ինչ է ցանկանում չստորագրելու դիմաց, բայց ակնհայտ է, որ եթե ստանա այն, ինչ ակնկալում է, ապա փաստաթուղթը չի ստորագրվի, որովհետեւ այդժամ չստորագրելու համար պատճառները կհայտնվեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի գլխին վաղուց էին սեւ ամպեր կուտակվել: Նախ նրան ուղարկեցին արձակուրդ՝ այլեւս չվերադառնալու ծրագրով: Այժմ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը: Նա Լեւոն Մկրտչյանի հրամանով շարքային տեսուչից նշանակվել էր տեսչության պետի տեղակալ: Այժմ սրընթաց գնում է դեպի տեսչական մարմնի ղեկավար: Սրանով, թերեւս, ՀՅԴ-ն կոմպենսացնում է Իշխան Սաղաթելյանի ԱԺ չգնալը՝ նրա ձայները չբավարարեցին պատգամավոր դառնալուն, եղբորը նշանակել են տեսչականի ԺՊ, իրեն՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի իրավախորհրդատու: Ի դեպ, Կարապետյանի արձակուրդ գնալուց 3 օր հետո պետի ԺՊ-ն չեղյալ է հայտարարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 2-ից թոշակի գնացած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին դեռ փոխարինող չկա: Երբ Երեւանում դատավորի հաստիք է ազատվում, նշանակումը չի ուշանում, ավելին՝ դեռ հաստիքը չազատված` հազար ծանոթ են խառնում, որ նշանակվեն: Շիրակի դեպքում այլ է. մարզի մեր աղբյուրները պնդում են, որ հնարավոր է այս տարի նշանակում չլինի, քանի որ առաջխաղացման ցուցակում գյումրեցի թեկնածու չկա, իսկ մյուսներն էլ չեն ցանկանում աշխատել Գյումրիում: Եթե հարմար թեկնածու չգտնեն, ապա նշանակումը կլինի հաջորդ տարի»: