25.11.2024
Իրանն ու ԵԱՏՄ-ն աշնանը կստորագրեն ժամանակավոր ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագիր
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը մեկ գիշերում չի կայացվել. Սերժ Սարգսյան

Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին:


«Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։


Ինչպես հաղորդում է գործակալությունը, Նախագահը նշել է նաև, որ որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013թ-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի:


«Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է Հանրապետության նախագահը։


Հիշեցնենք, որ 2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային՝ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵԱՏՄ-ին, հայտարարեց.


«Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրմնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար», - ասել էր նա:


2013-ի սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ էր ստորագրում: «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին», - հայտարարեց նա:


Հետագայում Սերժ Սարգսյանը անուղղակի խոստովանեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում, կայացրել է Վլադիմիր Պուտինը:


2014-ի սեպտեմբերի 23-ի համարում «Առավոտ» թերթը հրապարակեց նույն տարվա հունվարին Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցի մի հրապարակում այն մասին, թե ինչպես է նախագահը Պրահայում Հայաստանի դեսպանատանը պատասխանում տեղի հայերի հարցերին: Հարցուպատասխանը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը:


Երբ ներկաներից Բագրատ Առաքելյանը հարցրել է, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը եւ հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»: