Ուղենշել ՀԱԿՊ-ի զարգացման հետագա ընթացքը. Խաչատուրովը հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ
Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Հայաստան ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն հանդիպումներ է անցկացրել ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարության հետ:
Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հանրապետության նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Նշելով, որ այս տարի լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևավորման 15 տարին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս տարեդարձները լավ առիթ են անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ուղենշելու զարգացման հետագա ընթացքը:
Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարի Երևանում ընդունված՝ մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և զեկուցել վերջին շրջանում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների և կայացած միջոցառումների մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Կայացել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, ով Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով:
Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել հոկտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ ել են Բիշքեկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։