ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները մեծամասամբ կորոշեն ղարաբաղյան հակամարտության ելքը
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մեծամասամբ կորոշեն ղարաբաղյան հակամարտության ելքը: Այս մասին «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը:
Նա վստահություն է հայտնել, որ ռուս-թուրքական փոխգործակցությունը մի շարք ոլորտներում իր արտացոլումը կգտնի տարածաշրջանի շատ ցավոտ խնդիրների լուծման տեսանկյունից:
«Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են էներգետիկայի ոլորտում: Մենք գնում ենք ռուսական նավթն ու գազը, ամեն տարի ՌԴ շուրջ 4 մլն զբոսաշրջիկ այցելում է Թուրքիա: Երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները կարևորագույն գործոններից մեկն է, որ ազդում է տարածաշրջանոի խաղաղության և կայունության վրա: Ակնհայտ է, որ դրանց ամրապնդումն ու զարգացումը կարող է զարկ տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - կարծիք է հայտնել Չեթինը:
Ավելի վաղ թուրք դիվանագետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման համար կան անհրաժեշտ բոլոր պայմանները: