Թուրքմենստանը և Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով և հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Արա Բաբլոյանն ընդգծել է այս այցի կարևորությունը հատկապես Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը կխթանի հայ-թուրքմենական հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Արա Բաբլոյանը, կարևորելով միջխորհրդարանական շփումների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձել է Հայաստանի և Թուրքմենստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև առկա փոխգործակցությանը և կապերի առավել ակտվացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կառույցներում բազմիցս աջակցել է բարեկամ Թուրքմենստանի նախաձեռնությունները և ակնկալում է հավասարակշռված վերաբերմունք իր համար սկզբունքային հարցերի շուրջ:
Արա Բաբլոյանը հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերն սերտացնելու նպատակով Թուրքմենստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան:
Անդրադառնալով երկու երկրների միջև բազմակողմանի կապերի զարգացմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեծ են համագործակցության հնարավորություններն առևտրատնտեսական ոլորտում, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորել միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների միջև: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր բնագավառներում և փաստել, որ առաջիկայում Թուրքմենստանը և Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում: