Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականության խնդիրը նշված է ԱՄՆ Պետդեպի զեկույցում
Աշխարհի բնակչության երկու երրորդից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, օգոստոսի 15-ին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ներկայացնելով Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը:
«Աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»,- նշել է նա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Պետքարտուղարի խոսքով, կրոնի ազատության հետ կապված առավել բարդ է իրավիճակը Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ եղած տարածքներում, որտեղ եզդիները եւ քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ: Լուրջ խնդիրներ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում եւ Թուրքիայում, նշում է պետքարտուղար Թիլերսոնը.
«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»:
Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում: