Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանելու Հյուսիսային Կորեայի ցանկացած սպառնալիքին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի կամ դաշնակիցների դեմ Հյուսիսային Կորեայի ցանկացած սպառնալիքին պատասխանելու պատրաստակամության մասին, փոխանցում է «Ռեյթերը»՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն «պատրաստ է որպես պաշտպան հանդես գալ եւ պատասխանել ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի դեմ Հյուսիսային Կորեայի ցանկացած սպառնալիքին կամ գործողությանը»:
Հյուսիսային Կորեան, չնայած ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցներին, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական ագրեսիայից պաշտպանվելու պատրվակով հրթիռային փորձարկումները չի դադարեցնում: Անցյալ շաբաթ Փհենյանը եւ Վաշինգտոնը մի շարք սպառնալիքներ են փոխանակել: Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել է, որ հյուսիսկորեացի զինվորականներն ուսումնասիրում են Գուամ կղզում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը:
Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնացել է «կրակով եւ կատաղությամբ», եթե Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ համար իրական սպառնալիք լինի: Նա հայտարարել է, որ եթե Կիմ Չեն Ընը «Գուամի հետ ինչ-որ բան անի, Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կպատահի, որը երբեւէ չեն տեսել»: