«Ռոսպոտրեբնադզորը» պայմանները Թուրքիայի հարավում ճանաչել է ոչ անվտանգ
«Ռոսպոտրեբնադզորը» ռուս զբոսաշրջիկների համար պայմանները Թուրքիայի հարավում ճանաչել է ոչ անվտանգ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառույցում իր աղբյուրին:
Նշվում է, որ այդ տեղեկատվությունը կառույցը հասցեագրել է «Ռոստուրիզմին»:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, «Ռոսպոտրեբնադզոր» թուրքական հանգստավայրերից ստացել է ինքնազգացողության վատթարացման մասին ավելի քան 500 բողոք. հիվանդների մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են: «Հատուկ բացված «թեժ գծի» շրջանակներում ստացվել է թուրքական հանգստավայրերում գտնվելու ժամանակ ինքնազգացողության վատթարացման մասին ավելի քան 500 բողոք: Հիվանդությունների դեպքերն արձանագրվել են Սիդե, Ալանիա, Բելեկ, Կեմեր և այլ քաղաքների հյուրանոցներում», - ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հայտարարությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Թուրքիայում հանգստացողների շրջանում կոկսակի վիրուս է արձանագրվել, որի պատճառով շատ զբոսաշրջիկներ ստիպված են եղել ընդհատել հանգիստը: Սակայն այս պահի դրությամբ Թուրքիայի առողջապահության նախարարությունը չի հայտնել Կոկսակի վիրուսնի պատճառով էպիդեմիոլոգիական իրավիճակի վատթարացման մասին: