Նախօրեին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Հայաստանը հույս ունի, որ պարտադրված չի լինելու ընտրություն կատարել ԱՄՆ և Ռուսաստանի միջև՝ հաշվի առնելով այդ երկու գերտերությունների միջև առկա բարդ հարաբերությունները:
Ռուսական "Правда.ру" կայքը հիշեցնում է նրա բառերը. «Աշխարհը երբեք սև ու սպիտակ չի եղել: Հիշեցնեմ այն իրավիճակը, երբ շատ խորն առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ն և մտավախություն կար, որ այդ ամենը կարող է ռազմական գործողությունների հանգեցնել, բայց Հայաստանն այն ժամանակ էլ որևէ ընտրություն չկատարեց: Ցանկացած առճակատման դեպքում յուրաքանչյուր երկիր պետք է առաջնորդվի նախ իր շահերով, սակայն հստակ պահպանի միջազգային խաղի կանոնները» ,- ասել էր փոխարտգործնախարարը:
Կայքին տված հարցազրույցում ռուս սենատոր Անդրեյ Կլիմովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք Հայաստանին ընտրության առաջ չի կանգնացրել: Նրա խոսքով, Հայաստանը փոքր երկիր է, բայց հայկական սփյուռքը բավականին մեծ է և դրա զգալի մասը գտնվում է ԱՄՆ-ում, ունի այնտեղ իր բիզնես շահերը և, հասկանալի պատճառներով, առճակատում չի ցանկանում: Բայց, հիշեցրել է սենատորը, հարկ է հիշել, որ Հայաստանի իշխանությունները կատարել են ընտրություն՝ մի կողմից անդամակցություն ԵԱՏՄ-ին, իսկ մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ին:
«Աշխարհի ոչ մի գերտերություն, բացի Ռուսաստանից, ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին ինչ-ինչ գործոններից: Հայաստանում դա շատ լավ հասկանում են: Ճիշտ է, Հայաստանում կան ուժեր, որոնք ընդդիմանում են դրան: Իհարկե, Վաշինգտոնն էլ ցանկություն ունի գունավոր հեղափոխություն իրականացնել և Երևանում էլ «Մայդանի» փորձեր նկատվել են: Բայց գիտակից մարդիկ Հայաստանում ավելի շատ են, ես հանդիպել եմ ՀՀ խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, ազգաբնակչության հետ և նրանք բոլորն էլ հասկանում են, որ առանց ռուսական հզոր աջակցության մնացած ամենը սին քաղաքական թեորիաներ ու պատրանքներ են: Բայց, իհարկե, հրապարակային դիվանագիտության տեսանկյունից այնտեղ ևս մանևրում են: Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների պարզաբանումը որոշ պետություններ դնում է ընտրության առաջ՝ ում հետ լինել»,- ասել է նա:
Ռուս սենատորը հավաստիացրել է, որ ՌԴ-ն չի ցանկանում որևէ մեկին դնել ընտրության առաջ, այդ թվում նաև Հայաստանին: Երևանը ռազմավարական որոշում է կայացրել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, լինել ՌԴ հետ այդ միության կազմում և դա եղավ Մայդանին զուգահեռ, այսինքն՝ կիևյան զարգացումները Հայաստանին դրդեցին կայացնել այդ որոշումը:
«Բայց Ռուսաստանը երբեք փորձ չի արել ձևավորել հակաամերիկյան բլոկ, երբեք: Մենք հայտարարում ենք, որ ԱՄՆ-ն շատ է խորացել աշխարհաքաղաքական խաղերի մեջ և միաբևեռ աշխարհ ունենալու գաղափարին տրվել, որը, ցավոք, արդեն գոյություն չունի: Դա անցյալի առասպելներից է: Բայց նրանք փորձում են դա տարածել, զարգացնել այդ ամենը անգամ այն երկրներում, որոնք հեռու են ԱՄՆ-ից: Ի վերջո՝ որտե՞ղ է ԱՄՆ-ն, որտեղ՝ Հայաստանը: Հավանաբար որոշակի հայաստանյան ներքաղաքական իրադարձություններից ելնելով նման հայտարարություններ են արվում, որպեսզի Հայաստանի հասարակությանը ցույց տրվի, թե չեն պատրաստվում Հայաստանին դրդել ավանտյուրայի: Ռուսաստանը հաստատ չի պատրաստվում դա անել, հակառակը՝ մենք միշտ հայտարարում ենք, որ ՌԴ-ն դեմ է սուվերեն պետությունների ներքին և արտաքին գործերի միջամտությանը՝ դա մեր հստակ դիրքորոշումն է»,- հավելել է Կլիմովը: