Վայոց ձորում այրվում է 230 հա խոտածածկ և անտառային տարածք
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։
Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջում: Դեպքի վայր է մեկնում 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով և 3 մարտական հաշվարկ:
Ժամը 22.30-ին դեպքի վայրից հայտնում են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։
ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնում ևս 5 մարտական հաշվարկ:
Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։ Ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:
Օգոստոսի 11-ի, ժամը 09.30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից: