24.11.2024
Գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը կտրամադրի մաքսային արտոնություններ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ադրբեջանի կողմից հայ գերիների խոշտանգումները միջազգային կառույցներն անտեսում են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Մինչ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ «մարդասիրական կերպարով»՝ որպես հալածյալ, որի բնակիչ­ներին հայերը իբրև թե անխնա կոտորում են, իրականում տարբեր հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած և այն­տեղ գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները վերադառնալուց հետո կամ ողջ չեն մնում, կամ տառապում են առողջական լուրջ խնդիրներով՝ հիմնականում հոգեկան շեղումներով: Պատճառը գերության մեջ գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ կիրառված անմարդկային խոշտանգումներն են, որոնք իրականացնում են դաժանորեն՝ չմոռանալով նախապես բոլորին ներկայացնել գերուն իբ­րև դիվերսանտ: Չնայած այս ամենին՝ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Ադրբեջանում գերու կար­գավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու ուղղությամբ: Միաժամանակ հայկական կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում ներդնելու մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին հնարավորինս զերծ պահեն մոլորվելուց:

Ազգային անվտանգության ծառայության պե­տի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաև նշել է, թե «սահմանների ոչ լիարժեք պահպանության դեպքում նույն կերպ կարող են մոլորվել ու մեր թիկունքում հայտնվել նաև ադրբեջանցիներ, միգուցե և ոչ քաղաքացիական անձինք: Իսկ այն կադրերը, որոնք հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են ցույց տալիս, թե ինչպես էին մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի խնձորակից բռնում, ակնհայտ խոշտանգման դրսևորում է: Մասնագետ­ները դա կհասկանան: Բայց, ցավոք, հարցը չդարձավ միջազգային հանրության մոտ քննարկման առարկա»»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ ԱԺ ընտրություններում գլխավորում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքը, այժմ փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից: Նա չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մաս­նակցելուց: Բանն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Օհանյանը որոշ ժամանակ կրկին մեկուսացավ, ապա մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության համագումարին և հիմա կրկին «անհետացել է»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին նա կրկին մեկուսացած է. կապ չի պահպանում ոչ միայն դաշինքի անդամների, այլև նույնիսկ իր ազատամարտիկ ընկերներից շատերի հետ: Փոխարենը այս օրերին ակտիվացել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փորձելով հանդիպել այլ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն նրան շա­տերը վաղուց լուրջ չեն ընդունում և խուսափում են Հովհաննիսյանի հետ համագործակցելուց»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Ոչ վաղ անցյալում ամենաարմատական ընդդիմության առանցքային դեմքերից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջերս նշանակվեց Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Իհարկե, փաստ է, որ Արզումանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, եւ այս նշանակումից շահելու է Հայաստանը: Միայն թե հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Արզումանյանը դեսպան աշխատելու այն իշխանության օրոք, որի դեմ ինքը ժամանակին պայքարել է, ավելին՝ նա ամենակոպիտ խոսքերն է հնչեցրել այդ իշխանության ու իր այսօրվա անմիջական ղեկավարների հասցեին:


2009թ. նա հայտարարել էր. «Նալբանդյանը Սերժ Սարգսյանի վինտիկն է: …Անկախ նրանից՝ այդ վինտիկը դու կփոխես մեկ այլ վինտիկով, թե ոչ, համակարգը աշխատելու է նույն մեխանիզմով»: 2012թ. էլ ասել էր. «Ես էլ, պարոն Օսկանյանն էլ բազմաթիվ խորհուրդներ հնչեցրել ենք, բայց եթե մարդը չի հասկանում /նկատի ունի Էդ.Նալբանդյանին/, նրան ի՞նչ խորհուրդ տանք: Մեր արտաքին գործերի նախարարությունը սպասարկում է ռեժիմին եւ հանդես է գալիս որպես PR կամպանիա, սա շատ վտանգավոր է»: Նա նաեւ նշել էր, թե այս իշխանության օրոք մարդկային ողջ ռեսուրսները գնում են կեղծիքի սպասարկմանը: Ու ստացվում է, որ հիմա ինքն էլ այդ ռեսուրսների մեջ է: Ի դեպ, ԱԳ նախարար Նալբանդյանն էլ ամերիկացի դիվանագետների մոտ Արզումանյանին էր կոչել «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»: Հետաքրքիր է՝ ինչպես է վինտիկը ղեկավարելու մանիպուլյատորին»: