Հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել. ՊՆ-ն պատասխանում է
Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին դարձյալ ապատեղեկատվություն են տարածել, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացել Ադրբեջանի գյուղերից մեկի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է երեխա: Այս մասին facebook-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի: Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ»,- գրառել է խոսնակը: