Գերմանիայի կառավարությունը Եվրահանձնաժողովից պահանջում է ֆինանսական ճնշում գործադրել Թուրքիայի վրա, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Եվրոպացի պաշտոնյաներին, այդ թվում՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին և Եվրոպական միության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հասցեագրված նախնական փաստաթղթում պաշտոնական Բեռլինը բարձրացնում է ԵՄ անդամակցության համար Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունն անհրաժեշտության դեպքում դադարեցնելու հարցը, հայտնում է Ազատությունը:
Գերմանական իշխանությունները գտնում են, որ Թուրքիան իրեն տրամադրվող միջոցները պետք է ծախսեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման համար, մինչդեռ ներկայիս պատկերը բոլորովին այլ իրողության մասին է վկայում:
Բացի այդ, դաշնային կառավարությունը պնդում է, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է սառեցնի Թուրքիայի և Եվրամիության միջև Մաքսային միության արդիականացման շուրջ բանակցությունները՝ նշելով, որ բանակցային գործընթացի շարունակությունը Թուրքիային կարող է «վատ ազդանշան» տալ:
Փաստաթղթում հիշատակվում են եվրոպական մակարդակում պաշտոնական Անկարայի վրա ֆինանսական ճնշում գործադրելու մի շարք այլ միջոցներ ևս:
Ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Գերմանին վերանայում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ նաև տնտեսական առումով: Գաբրիելը չէր բացառել, որ Բեռլինը Թուրքիայում գերմանական ներդրումների անվտանգությունը կարող է լուրջ կասկածի տակ առնել:
Գերմանիան Եվրոպայի տարածքում Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին հասել էր 37 միլիարդ եվրոյի: Թուրքիայի տարածքում այսօր շուրջ 7 հազար գերմանական ընկերություններ են գործում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հակադարձել էր Գաբրիելին՝ Գերմանիան այսպիսով էլ ավելի է խորացնում երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը:
Թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ սրվեցին մոտ երեք շաբաթ առաջ, երբ Ստամբուլի ոստիկանությունը քաղաքի հյուրանոցներից մեկում կազմակերպված սեմինարի ընթացքում ձերբակալեց մի խումբ իրավապաշտպանների, որոնց թվում էր նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:
Այս միջադեպից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելելուց` զգուշացնելով, որ նրանք կարող են կանգնել ազատազրկման վտանգի առաջ: