Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP, ԺՀԿ) պատգամավորները հինգշաբթի հրաժարվել են հեռանալ խորհրդարանի շենքից՝ բողոքելով քննարկվող փոփոխությունների դեմ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Ժողովրդահանրապետականները, ի նշան ընդդիմությանը լռեցնելու դեմ բողոքի, այսօր չեն հեռանալու խորհրդարանից»,- ասել է կուսակցության փոխնախագահ Օզգուր Օզելը, գրում է tert.am-ը
Խորհրդարանի նախագահի տեղակալ Ահմեդ Այդինը քննադատել է կուսակցությանը և պահանջել է ավարտել բողոքի ակցիան: «Սա փողոց չէ, սա երկրի խորհրդարան է… գործողությունները չեն համապատասխանում խորհրդարանի խստությանը, պետք է դադարեցվեն»,- ասել է Այդինը:
Նա ավարտել է նիստը, և բոլոր կուսակցությունների օրենսդիրները, բացի ԺՀԿ-ի օրենսդիրներից, դուրս են եկել դահլիճից:
Խորհրդարանի կանոնակարգում փոփոխությունների առաջարկով հանդես են եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Առաջարկում առկա 18 կետից 14-ն արժանացել է հավանության, չորսը քննարկման փուլում է:
Ավելի վաղ կուսակցությունների կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական կոմիտեի ենթահանձնաժողով, որը հավանության էր արժանացրել փաթեթը:
Հայտնի է, որ այս փաթեթը, որը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում պատգամավորներին դրամական տույժի ենթարկելու առաջարկը, ենթահանձնաժողով է ուղարկվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջարկով, որոնք դեմ են այս բանաձևի ընդունմանը։
Նշենք, որ տվյալ բանաձևում 12.000 թուրքական լիրայի չափով տուգանք է նախատեսվում «Ցեղասպանություն», «Քուրդիստան» և «քրդական նահանգներ» ձևակերպումներն օգտագործելու համար։ Բացի այդ, 6.000 թուրքական լիրայի չափով տուգանք էլ նախատեսվում է խորհրդարանում ի նշան բողոքի պաստառներ ցուցադրելու կամ փակցնելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։