25.11.2024
Քայլերը Սոչիի հանդիպումից հետո ցույց կտան Մոսկվայի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս իրանական գործարարներին ներգրավեն ՀՀ տնտեսություն. քննարկում Երևանում

Ներդրումների եւ առեւտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի խնդիրներից մեկը պետք է լինի իրանական կողմի գործարարների ներգրավումը Հայաստան: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Ներդրումների եւ առեւտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հերթական հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:


Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման օրակարգում են եղել օպերատիվ խմբի աշխատակարգի, առաջիկայում կատարվելիք աշխատանքների, ինչպես նաեւ խմբի գործունեության լուսաբանման եւ հանրային իրազեկման կազմակերպման հետ կապված հարցերը:


Հովհաննես Ազիզյանը նշել է, որ օպերատիվ խմբի խնդիրներից մեկը պետք է լինի իրանական կողմի գործարարների ներգրավումը Հայաստան եւ տեղեկացրել է, որ արդեն իսկ պատրաստվում են տեղեկատվական ամփոփ փաթեթներ` Հայաստանում ներդրումային հնարավորությունների, առկա արտոնությունների, ինչպես նաեւ իրականացվող պետական ծրագրերի մասին` իրանական կողմին փոխանցելու համար:


«Շատ կարեւոր է, որ այս օպերատիվ խմբի գոյության մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվի, որպեսզի եւ Հայաստանի եւ Իրանի գործարարները հստակ իմանան, որ գոյություն ունի այսպիսի խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացնի, իրանական կողմի գործարարներին եւ նաեւ ներդրողներին տեղեկատվություն փոխանցի Հայաստանի գործարար միջավայրի եւ հայկական կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Խումբը նաեւ պետք է բացահայտի խնդիրները, որոնց հանդիպում են իրանցի գործարարները Հայաստանում, օպերատիվ կերպով արձագանքի ցանկացած հարցի եւ գտնի դրանց լուծման ուղիները»,-ավելացրել է նա:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ սեպտեմբերի 15-ին Հայաստան Իրան-ԵՄ ներդրումային համաժողովի, ինչպես նաեւ սեպտեմբերի 22-25-ին Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը:


Հանդիպման ընթացքում հաստատվել է հետագա համագործակցության աշխատակարգը, պայմանավորվածություն է ձեռք բերվել օպերատիվ խմբի գործունեության մասին հայտարարություն պատրաստել եւ տարածել այն թե Հայաստանում եւ թե Իրանում:


Հայ եւ իրանցի գործարարների գործունեության ընթացքում փոխադարձ առեւտրում եւ ներդրումային գործընթացներում երկուստեք ծագող խնդիրների վերացման նպատակով ստեղծվել են ներդրումների եւ առեւտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբեր Հայաստանում եւ Իրանում: Հայ-իրանական օպերատիվ խմբի հայկական կողմի ղեկավարն է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ իրանական կողմի ղեկավարը` ԻԻՀ հանքերի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ եւ Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը: Օպերատիվ խմբերի առաջին նիստերը տեղի են ունեցել հուլիսի 2-ին` Իրանում եւ հուլիսի 5-ին` Հայաստանում: