25.11.2024
Վայք քաղաքից 6 կմ արևմուտք գրանցվել է 3 մագնիտուդով երկրաշարժ
prev Նախորդ նորություն

Կպահի՞ հավասարությունը Պուտինը, կլինի՞ Պուտին-Սարգսյան հանդիպում. Մամուլ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Տավուշի մարզում հերթական խորհրդակցության ժամանակ կրկին երեւացել է Կարեն Կարապետյանի «դրայվը», էնտուզիազմը: Ինչ-որ բա՞ն է փոխվել: Ասում են` ապագա իշխանության ձեւավորման շուրջ հստակություն կա արդեն, գոնե` Կարեն Կարապետյանի հարցում: 2018-ին իշխանությունում անցնցում դասավորություններ կլինեն, շատ հանդարտ ու սահուն կանցնեն գործընթացները, որովհետեւ մինչ այդ բոլոր հարցերը լուծված կլինեն, իսկ Կարեն Կարապետյանի այսօրվա «դրայվն» էլ փաստում է, որ նա, հավանաբար, գոհ է սպասվող զարգացումներից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». նրանք գումարներ չեն խնայում ամենաճոխ աթոռը կամ բազկաթոռը ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, ղեկավարի մեկ բազկաթոռ գնելու համար տեղական բյուջեից ծախսել է 300 հազար դրամ: Ղեկավարի բազկաթոռի համար նույնքան գումար է ծախսել նաեւ Սպիտակի քաղաքապետարանը: Այդպես է վարվել նաեւ ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միայն թե Արման Սահակյանի ղեկավարած կառույցը գնել է միանգամից երկու բազկաթոռ՝ ծախսելով 600 հազար դրամ: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ անշարժ գույքի՝ 4 հողամասի, առանձնատան սեփականատեր է:


Օրենսդիր մարմնի անդամի եկամտի աղբյուրը ոչ միայն նրա աշխատավարձն է, այլեւ երկու բաժնեմասերից ստացված գումարներն են: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի դրամական միջոցները եղել են 30 մլն դրամ: Պատգամավորի եկամուտը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պատգամավոր դառնալը 460 000 դրամ է: Հիշեցնենք, որ մինչ պատգամավոր ընտրվելը, Հրանտ Մադաթյանը մասնավոր սեկտորում է գործունեություն ծավալել: 1984-1985 թթ. աշխատել է Ծովագյուղի խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, 1985-1986-ին՝ փոխտնօրեն, 1986-87-ին՝ Սեւանի եւ Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1987-91 թթ՝ Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկազմակերպության կոմիտեի ազատված քարտուղար, 1993-95-ին՝ ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն, 1995-2004-ին՝ «Սեւան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն: 1983-1991թթ. ԽՄԿԿ անդամ: 1986-1991թթ. Սեւանի շրջխորհրդի դեպուտատ: 2007թ. մայիսի 12-ին ընտրվել է թիվ 23 ընտրատարածքից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Նաչարյանը։ Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում», 2004–2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալը, այնուհետեւ որոշ ժամանակ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ, «Ահարոն Պարադիգմա» հաշվապահական խորհրդատվական ՓԲԸ ավագ մասնագետ: Այնուհետեւ վերադարձել է հայրական օջախ եւ 2006-ից առայսօր «Գազպրոմում» հաշվապահի տեղակալն է։ Հիշեցնենք, որ մասնավորապես «Տոնուս» ընկերությունը, որը պատկանում էր նախկին պատգամավոր, վաղամեռիկ Աշոտ Տոնոյանին, սնանկացավ եւ մեծ դժվարություններ ուներ իր պարտավորությունները կատարելու հարցում՝ ընկերությանը գումարներ վճարած եւ իրենց բնակարանները չստացած մարդիկ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում փողոցներում։ Հետագայում նրանց խնդիրներն ինչ-որ ձեւով լուծվեցին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հավանաբար հիշում եք ներդրումների մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի խոստումը. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին»,- հայտարարել էր նա: Պարզվում է, սակայն, իշխանությունները հիմա վերախմբագրում են այս խոստումները. օրերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն ասել է, թե 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում, եւ առաջին կիսամյակի ընթացքում 220 մլն դոլարի ներդրումն արդեն իրականացվել է: Փաստորեն, չնայած վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովելու խոստմանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն իջեցրել է ցուցանիշը մոտ 30 տոկոսով, ու արդեն խոսում են 500 մլն դոլարի ներդրումների մասին:


Բայց սա դեռ ամբողջը չէ. «Ժողովուրդ» թերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փորձել է պարզել, թե Կարեն Կարապետյանի պաշտոնավարման այս ամիսներին կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է իրականացրել: Բայց նախարարությունից հայտնել են, թե դա առեւտրային գաղտնիք է: Թե ինչու են իշխանություններն առեւտրային գաղտնիքի անվան տակ թաքցնում այս տեղեկությունները, դժվար չէ ենթադրել. տվյալների ավելի մանրամասն հրապարակմամբ հնարավորություն կստեղծվի ավելի հստակ պատկերացում կազմել ներդրումների իրական ծավալների մասին, եւ այդ դեպքում արդեն կբացահայտվի իշխանությունների բլեֆը. արդեն հնարավոր կլինի պարզել, թե կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում է ներդրել իր գումարները, արդյոք դրանք իսկապե՞ս օտարերկրյա կազմակերպություններ են, թե՞ արտերկրում գրանցված, բայց Հայաստանի իշխանություններին պատկանող ընկերություններ»:


«Փաստ» թերթը գրում է. Մի քանի օր առաջ Սոչիում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հանդիպման մասին տեղեկացրել է, այսպես ասած, վերջին պահին: Նման «աշխատանքային» հանդիպումների կարիք սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ կա կամ կան լուծման կարոտ կոնկրետ հարցեր, կամ երբ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակել, կոնկրետ գնահատականներ հնչեցնել: Մի խոսքով, դրանց օրակարգը միշտ կոնկրետ է:


Իսկ ի՞նչ օրակարգ ուներ Պուտին–Ալիեւ հանդիպումը: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն չի եղել: Ենթադրություններ կարելի է անել՝ դատելով նախագահների՝ միմյանց հղած ողջյունի խոսքերից: Ըստ այդմ, քննարկվել են երկկողմ նշանակության խնդիրներ եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Ընդ որում, «տարածաշրջանի իրադրությունը բարդ է, եւ բայց հուսով եմ, որ մեր հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիների որոնմանը»,– նշել էր ՌԴ նախագահը: Պուտինի նշած «բարդ իրադրությունը» վերաբերում է, թերեւս, եւ ԼՂ հակամարտությանը, եւ տարածաշրջանային անվտանգությանն ընդհանրապես: Սկսենք վերջինից: Այսօր առկա է լուրջ վտանգ, որ Մերձավոր արեւելքում իր թափն ու ուժը կորցնող ԻՊ–ը կարող է «տեղափոխվել» Կովկաս: Այս առումով առաջին թիրախային գոտիներից մեկը կարող է դառնալ հենց Ադրբեջանը: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանում տեղի են ունենում ԻՊ–ի հետ կապ ունեցող, տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող անձանց պարբերական ձերբակալություններ:


Բացի այն, որ նրանց համար այդ երկիրը կարող է դառնալ տրանզիտային հնարավոր գոտի, նրանք կարող են ապակայունացնող գործոն դառնալ բուն Ալիեւի վարչակազմի համար՝ անվտանգության ու ապակայունացման լրջագույն սպառնալիք դառնալով թե տարածաշրջանի, թե ներադրբեջանական իրականության համար: Այս առումով Ռուսաստանին, անշուշտ, մտահոգում է ավանդաբար իր վերահսկողության գոտի համարվող ռեգիոնի կայունությունը, որը նաեւ իր սահմանների կայունությունն է: Իսկ Ալիեւի՝ ԼՂ հարցում վերջին շրջանում վարած քաղաքականությունն ամենեւին էլ այդ կայունությունը պահպանելուն ուղղված չէ: Ուստի հնարավոր է, որ ՌԴ նախագահն Ալիեւին հասկացնել է տվել իրավիճակի ողջ լրջությունը: Բացի այդ, վերջին շրջանում ռուսական մամուլը գրել էր, որ Մոսկվան պատրաստվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Հայկական կողմը համաձայնել էր՝ դրա հետ առանձնապես մեծ հույսեր չկապելով հանդերձ: Բաքուն նույնպես համաձայնել էր, սակայն նշելով, որ պետք է բանակցությունների հստակ օրակարգ: Այս պահին, սակայն, թե Ռուսաստանի, թե ընդհանրապես Արեւմուտքի համար անհրաժեշտ է պահպանել գոնե «բանակցություններ հանուն բանակցությունների» ֆորմատը՝ շփման գծում լարվածությունը մեղմելու եւ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացնելու նպատակով:


Մյուս կողմից, վերջին շրջանում ռուս–ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Հուլիսի 4–ի դեպքերից հետո Բաքվի ակնկալած՝ ռուսական կողմի արձագանքի բացակայությունը, ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելության հողի վրա խտրական վերաբերմունքի դրսեւորման դատապարտումը, Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարումը, ՌԴ եւ ՀՀ սահմանապահ ջոկատների համատեղ վարժանքները ԼՂ–ի տարածքում, նաեւ Իրանում ՌԴ դեսպանի հայտարարությունը «Հյուսիս–Հարավի» վերաբերյալ իսկական իրարանցում էին առաջացրել Բաքվում: Այդ ամենը Ադրբեջանում դիտվում էր՝ որպես ռուսական հարված իրենց վարած արտաքին անկախ քաղաքականությանը, ինչը նրանց ավելի ու ավելի էր ստիպում շատ խոսել հատկապես ԱՄՆ–ի հետ իրենց հարաբերությունների որակապես նոր փուլի մեկնարկի հնարավորության մասին: Մյուս կողմից էլ, դա մատուցվում էր որպես ռուսահայության նենգ մարտավարություն–ծրագիր՝ ուղղված ռուս–ադրբեջանական «դարավոր» բարեկամությանը: Մի խոսքով, ռուս–ադրբեջանական հարաբերություններում արշալույսներն այնքան էլ խաղաղ չէին:


Ու հիմա, երբ կայացավ Պուտին–Ալիեւ հանդիպումը, ադրբեջանական մամուլն էյֆորիայի մեջ է: «Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պատշաճ դաս են տվել ռուս–ադրբեջանական բարեկամության չարակամներին» եւ այլ բաներ՝ նման ոգով: Ի դեպ, բացի, «հայկական չար ուժերին» պատժելուց, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է «Հյուսիս–Հարավ» միջանցքի ճակատագիրը: Ըստ ամենայնի, Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հայտարարություններից առաջացած շոկն Ադրբեջանում դեռ չի անցել, ու բացի «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովին Մոսկվա գործուղելուց, հիմա էլ այդ հարցը բարձրացրել է անձամբ Ալիեւը:


Ինչ էլ լինի, Պուտին–Ալիեւ հանդիպումն արդեն ավարտված է: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք հավասարակշռության սկզբունքը պահելով՝ ռուսական կողմը նման մի հանդիպում էլ կնախաձեռնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եթե նման հանդիպում կայացավ, կնշանակի, որ, իրոք, քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտությունը, եւ նախագահների հանդիպումից առաջ Մոսկվան հստակեցնում է խաղի կանոնները: Մյուս կողմից, սակայն, «а куда денется Армения?»: