25.11.2024
Մամուլ. Դեղերի շուկայում «ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է, այն իր օրենքներն ունի
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պատրաստ է ԱՄՆ մեծ ներդրումների համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները. Նախարար

Մենք անչափ կարեւորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլլանին:


Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Կարայանը իր խոսքում նշել է,  որ ուրախ քննարկելու մեր հետագա համատեղ զարգացմանն ուղղված քայլերը.


«Մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որովհետեւ այն ներուժը, որ կա մեր երկրների տնտեսական հարաբերություններում, ամբողջովին իրացված չէ եւ մենք հակված ենք, որպեսզի ավելի ինտենսիվ իրար հետ աշխատենք: Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանի Հանրապետությունում եւ պատրաստ ենք մեծ ներդրումային ծրագրերի համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները»,- ասել է նախարարը:


Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում շատ ակտիվ քննարկումներ ունենալ հատկապես այն հարցերի շուրջ, որոնցով հետաքրքրված են ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները, եւ տալ այնպիսի լուծումներ, որ ԱՄՆ բիզնեսի համար ավելի հեշտ լինի մուտքը Հայաստան:


«Մենք անչափ կարեւորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Ես եւ իմ թիմը ժամանել ենք Հայաստան մեր երկրների միջեւ ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում դիտարկելու երկկողմ առեւտրի ու ներդրումների ընդլայնման ուղիները, որը երկուստեք շահավետ կլինի մեր տնտեսությունների համար», - իր հերթին նշել է Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի գծով ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:


Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգմամբ աշխատանքային խմբերում ութ ուղղություններով իրականացվող աշխատանքներին եւ քննարկումներին` առեւտուր եւ ներդրումներ, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական հարցեր, մաքսային հարցեր, մտավոր սեփականության իրավունք, բարեփոխումներ աշխատանքի ոլորտում, բնապահպանություն, պետական գնումների ոլորտ եւ այլն:


Հատկապես կարեւորվել է երկու երկրների միջեւ գործարար կապերի ակտիվացումը: Նախարարի առաջին տեղակալ Մելքոնյանը նշել է, որ հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը, երկխոսության ապահովման ճանապարհով, հատկապես այն ուղղություններով, որոնք իրենց հետ կբերեն ԱՄՆ բիզնեսի հետ հարաբերությունների ակտիվացման եւ ավելացրել, որ բիզնեսների միջեւ կապը TIFA-ի շրջանակներում քննարկվող ամենակարեւոր ուղղություններից մեկն է: Նա նաեւ կարեւորել է առաջիկայում համատեղ նիստի անցկացման հնարավորությունը:


Համաձայնագրով հիմնված Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհուրդը հայկական կողմից նախագահում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, իսկ ամերիկյան կողմից` ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի գրասենյակը: