24.11.2024
Հարավային Կորեան Հայաստանում հետաքրքրված է մշակութային և առողջարանային զբոսաշրջությամբ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դեղերի շուկայում «ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է, այն իր օրենքներն ունի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դեղագործական ֆիրմա-բժիշկ-դեղատուն շղթան իր սեփական օրենքներն ունի, եւ շատ հաճախ հիվանդներին նշանակում են այնպիսի դեղեր, որոնք իրականում ոչ միայն չեն օգնում, այլեւ վնասում են մարդու առողջությանը: Իսկ բժիշկը գումարներ է դիզում, քանի որ այդ դեղերը հիվանդներին առաջարկելով (անկախ հանգամանքից` դա նրան ցուցված է, թե ոչ), վաճառքից կլորիկ գումար է վաստակում: «Ատկատի» մեխանիզմը հրաշալիորեն գործում է, եւ այդ ամենն արվում է մարդկանց առողջության հաշվին: Ասում են` շատ քիչ են այն բժիշկները, որոնք դուրս են այս շղթայից եւ բարեխղճորեն են իրենց աշխատանքը կատարում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ փակ աշխատանքային այցով Գյումրի է ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Շիրակի մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի հետ այցելեց «Լենտեքս» կարի արտադրամաս, «Սամարիթեր» հիվանդանոց, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, Ռուսթավելի փողոց, որտեղ կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: «Սեպտեմբերին ավարտում ենք փողոցի աշխատանքներն ու դրանից հետո կանցնենք Շիրազի փողոցին: Օգոստոսին գալու ենք նաեւ Շիրակի մարզ՝ այլ ծրագրեր իրականացնելու»,- ասաց վարչապետը:


Կարապետյանը շրջեց Գյումրու մի քանի փողոցներով, եղավ իր ընտանիքի կողմից ձեռք բերված այն շինությունում, որտեղ ակտիվ շինաշխատանքներ են իրականացվում: Այն ծառայելու է որպես ռեստորանահյուրանոցային համալիր: Կարապետյանը Գյումրու փողոցներով զբոսնելիս պարբերաբար կրկնում էր, որ Գյումրին հրաշալի քաղաք է, իսկ բնակիչներն աջ ու ձախ վարչապետին իրենց խնդիրներն էին ներկայացնում: Կարապետյանը, անցնելով Գյումրու ՀՅԴ-ի գրասենյակի կողքով՝ դիմելով ՀՅԴ-ական նախարար Լոքյանին, ասաց. «ՀՅԴ-ի շենքը լավն է, Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի»: Կարեն Կարապետյանն այցելեց նաեւ Գյումրու պետական բժշկական քոլեջ: Armtimes.com-ի հարցին, թե կառույց այցի նպատակը որն էր, պատասխանեց. «Մտադիր ենք բժշկական քոլեջը տեղափոխել ավելի հարմար, ավելի լավ տեղ: Այս շենքը ցանկանում ենք օգտագործել այս փողոցների զարգացման համար»: Բժշկական քոլեջը գտնվում է Շիրազի փողոցում: Այս փողոցը եւս գտնվում է «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, որը հիմա կառավարության ծրագրով նախատեսվում է դարձել տուրիզմի կենտրոն: Այս կառույցի համար եւս ներդրողներ են փնտրվում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պարզվում է, ակտիվ հանգստի կողմնակից է: Թեեւ դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու իր ամառային հանգիստը, բայց եթե հաջողվի՝ տղայի հետ մի քանի օրով ծով կգնա: Տրանսպորտի, կապի եւ տեղե­կատվական տեխնոլոգիաների նա­խարարի մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Վահան Մարտիրոսյանն այս տարի նախորդ տարիների նման հանգիստն անցկացնելու է ընտանիքի հետ, թեեւ՝ դեռ չի պլանավորել, թե որտեղ: Գործադիր մարմնի անդամը նախընտրում է պա­սիվ եւ ակտիվ հանգիստների համակցությունը: Վա­հան Մարտիրոսյանի համար հաճելի է շրջել Հայաս­տանի տեսարժան վայրերով, բայց եւ նախընտրե­լի է արձակուրդն անցկացնել Հայաստանի սահման­ներից դուրս՝ որեւէ ծովափնյա հանգստավայրում: Առհասարակ, հետաքրքիր է տեսնել նոր երկրներ, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին ու սովորույթներին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է, որ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի։ Ասվածն էլ շտապել է «պեչատել» նույն խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։ Իսկ թե արդյոք նման նախաձեռնության դեպքում՝ «Ելքին» կսատարի մյուս խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, «Իրավունքը» հետաքրքրվել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից։ «Կարծում եմ՝ այս պահին սա «Ելք» դաշինքի երկու պատգամավորի՝ Էդմոն Մարուքյանի ու Արամ Զ. Սարգսյանի առաջարկն է, եւ հետեւելով «Ելքի» մեր մյուս գործընկերների տարբեր դիտարկումներին՝ նշյալ հարցի վերաբերյալ կարելի է ասել, որ նրանք ունեն տարբեր դիրքորոշումներ։ Ուստի չեմ կարծում, որ սա «Ելք» դաշինքի պաշտոնական առաջարկն է։ Հետեւաբար, նման հարցով մեզ որեւէ մեկը չի դիմել եւ, բնականաբար, մենք այս հարցը չենք էլ քննարկել»:


«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 25–ին արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ նախարարն ունի 9 միավոր անշարժ գույք, որից վեց հատ բնակարան և մեկական առանձնատուն, հողամաս ու ամառանոց: Հարությունյանը ավտոմեքենա չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է մետաղադրամների և գեղանկարների թանկարժեք հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 8 միլիոն դրամը: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 806 հազար դրամ, և ստացվել նախկին աշխատավայրից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ բենզինի եւ դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերություն, որտեղից հաստատեցին փաստը: Ընկերության հաշվապահը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: Նշենք, որ «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը ժամանակին բենզինի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել, որի չարաշահման համար նույնիսկ 2012 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 100 մլն դրամի չափով տուգանվել է: Ըստ որոշ տեղեկությունների` հենց ՏՄՊՊՀ-ի 100 մլն դրաման տուգանքն էլ դարձել է ընկերության սնանկացման, ապա լուծարման պատճառ: Հիշեցնենք, որ 2008թ. ստեղծված «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը տեւական ժամանակ նույնիսկ եղել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Ընկերության հիմնադիրը Աշոտ Սալազարյանն էր. շատերին անծանոթ անուն, բայց նրանց հաջողվում էր մրցույթի միջոցով դառնալ պետական մարմինների բենզինի մատակարար: Հիմա սնանկացավ»:


«Առավոտ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրենց պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքի՝ գույքի աճուրդներ բաժնից: Կայքից տեղեկանում ենք, թե քաղաքային իշխանությունն ինչ գույք է վաճառքի հանել։ Վերոնշյալ գույքի սպասարկման գինը սկսվում է 4 միլիոն 4700 հազար դրամից։ Մրցույթի պահանջներից մեկն էլ ներդրումներ են։ Վերակառուցվող օբյեկտը, որի հարկայնությունը չպետք է գերազանցի երկու հարկը, պահանջում է 14 միլիոն 288 հազար ներդրում։ Մրցույթը կայանալու է օգոստոսին։ Շահվերդյան փողոցի 18 հասցեում նույնպես քաղաքապետարանը գույք է վաճառում՝ կրկին հասարակական սպասարկման օբյեկտ, եւ 236,60 քմ շենք շինության համար սահմանել է 8 միլիոն 200 հազար դրամ նվազագույն գին։ Այս օբյեկտի գնման դեպքում՝ ներդրման չափը սահմանված է 22 միլիոն 884 հազար դրամ: Գարեջրագործների 74/2 հասցեում վերակառուցվող շինությունը, որը նույնպես հասարակական սպասարկման օբյեկտ է եւ կարող է լինլե մինչեւ 2 հարկ, արժե 2 միլիոն 600 հազար դրամ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրականում ծննդյան մասին տեղեկությունից միանգամից անցում է կատարվում 1998-2000 թվականներին, եւ նշված է, որ այդ տարիներին նա ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում: Մինչդեռ Պողոսյանը ժամանակին հայտարարել էր, թե ինքը 1997 թվականին՝ 21 տարեկան հասակում, հիմնադրել է այդ ընկերությունը: Լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում նա չի զլանում եւ հիշեցնում է, որ այդ ընկերության հիմնադիրն է, սակայն, չգիտես ինչու, ԱԺ կենսագրականում որոշել է այդ փաստը թաքցնել»: