ՌԴ Պետական դուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է փոփոխությունների փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում ավիաընկերություններին տեղափոխել ուղեբեռը առանձին վճարի դիմաց: Էխո Մոսկվիի հաղորդմամբ, խոսքը միայն չվերադարձվող ավիտոմսերին է վերաբերում:
Օդային օրենսգրքում կատարվող փոփոխությունների փաթեթը երրորդ ընթերցմամբ կքննարկվի արդեն աշնանը: Եթե օրենքն ընդունվի, ապա ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 60 օր անց: Մնացած բոլոր տեսակի ավիատոմսերի սեփականատերերի համար նախաձեռնության հեղինակները առաջարկում են պահպանել իրենց հետո մինչև 10 կգ ուղեբեռ վերցնելու իրավունքը:
«Աէրոֆլոտ» ավիաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեկսանդրովի խոսքով, աշխարհում գոյություն ունի ավելի քան հարյուր լոուքոստ-ավիափոխադրողներ: Շնորհիվ բավականին ճկուն պետական քաղաքականության, որըն ադեկվատ գնահատում է ուղևորների կարիքները, ասիական ու եվրոպական ավիափոխադրողները շուկայի այս սեգմենտը հաջողությամբ զարգացնում են.
«Նրանց հետ մրցակցել հավասար պայմաններով, այդ թվում նաև նվազեցնելով սակագները, օրինակ «Պոբեդային» («Աէրոֆլոտ» խմբի ավիաընկերություն- խմբ.) թույլ չեն տալիս օրենսդրական սահմանափակումները: Ուղեբեռի տեղափոխման նորմերը պետք է սահմանվեն ոչ թե պետության, այլ փոխադրողի կողմից: Որպես լուծում, «Աէրոֆլոտն» առաջարկում է ներդնել սակագին այն ուղևորների համար, որոնք ճամփորդում են առանց ուղեբեռի: Այս դեպքում ուղևորին հնարավորություն կտրվի ձեռք բերել ավիատոմսը նվազեցված սակագնով: Անհրաժեշտ է տալ ուղևորին հնարավորություն ընտրել տվյալ չվերթի ծառայություններն անձամբ և վճարել կոնկրետ դրա դիմաց: Առանց ուղեբեռի ավիատոմսերը կլինեն այլընտրանք, ոչ թե սովորական ավիատոմսերի փոխարինող»,- պարզաբանել է նա:
Նշենք, որ «Աէրոֆլոտը» Երևան-Մոսկվա ուղղությամբ օրական իրականացնում է ավելի քան 7 չվերթ: Տոմսերի գները մշտապես եղել են բարձր, ինչը հարուցել է ուղևորների դժգոհությունը: Բացի այդ, «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նաև տրանզիտային ավիափոխադրող է դիտվում, ինչը նշանակում է, որ սակագների նվազումը բավականին կթեթևացնի ուղևորների ծախսերը, հատկապես նրանց, ովքեր հաճախակի են օգտվում իրենց ծառայություններից:
Ավելացնենք նաև, որ օրենքի փոփոխությունը, բնականաբար, կվերաբերի ոչ միայն «Աէրոֆլոտի»-ն, այլ բոլոր ռուսական ավիաընկերություններին: