Հայկական ֆիլմերի շաբաթ Իրանում` տաս ցուցադրություն երեք խոշոր քաղաքներում. դեսպան
Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Իրանում հուլիսի 23-29-ը անցկացվելիք հայկական ֆիլմերի շաբաթվան նվիրված ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությոնը:
Հայկական ֆիլմերի շաբաթը նախաձեռնվել և կազմակերպվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և իրանական «Art & Expreience» կինոընկերության կողմից: Մամուլի ասուլիսին ներկա էին IRNA, ISNA, Tasnim News, Mojnews, ILNA, Etelaat, Fars News, Iscanews, Etemad, «Ալիք» և «Հույս» լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Թումանյանը ներկայացրեց հայկական կինոյի անցած ճանապարհը և զարգացման տարբեր փուլերը, ինչպես նաև տարբեր ժամանակների հանրաճանաչ հայազգի կինոռեժիսորների ունեցած մեծ ներդրումը համաշխարհային կինոյի զարգացման գործում (Ռուբեն Մամուլյան, Սերգեյ Փարաջանով, Արտավազդ Փելեշյան և այլն):
ՀՀ դեսպանն առանձին անդրադարձավ նաև իրանահայ կինոգործիչներին, այդ թվում Իրանում կինոարվեստի ստեղծման ակունքներում գտնվող մի շարք արվեստագետների գործունեությանը:
Այնուհետև ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում (Արվեստագետների տուն), Շիրազում («Գոլեսթան» կինոթատրոն) և Մաշհադ («Հովեյզե» կինոթատրոն) հայկական ֆիլմերի շաբաթվա ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է տասը ֆիլմ: Արտաշես Թումանյանը հայտնեց, որ հայկական ֆիլմերի շաբաթվա բացման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 23-ին ժամը 18:00-ին Թեհրանի Արվեստագետների տանը:
Դեսպանը հույս հայտնեց, որ ասուլիսին ներկա լրագրողները կապահովեն ներկայացված մշակութային կարևոր միջոցառմանը իրանական կինոսիրողների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև ցուցադրումների գործընթացի լայն լուսաբանումը: Վերջում դեսպան Թումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: