Բաքուն «կոտրեց» Լապշինին. «Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: ԱՊԱ-ի հաղորդմամբ, Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը խնդրել է դատարանին արդարացնել իր պաշտպանյալին՝ նշելով, որ նրա նկատմամբ առաջ քաշած մեղադրանքը անհիմն է.
«Փորձագետի կարծիքը չի հիմնվում վստահելի փաստարկների վրա, քանի որ Լապշինն իր հոդվածներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչեր չի հնչեցրել»,- ասել է նա:
Այնուհետ վերջին խոսքն է վերցրել Լապշինը: Իր ելույթում նա չի համաձայնվել իր դեմ քաշած մեղադրանքների հետ: Ադրբեջանական գործակալության հաղորդմամբ՝ նա հայտարարել է, թե զղջում է, որ բարոյական վնաս է հասցրել Ադրբեջանի ժողովրդին.
«Ադրբեջանի ժողովրդի առջև իմ մեղքը միայն բարոյական է և ոչ իրավական: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը կարևոր է Ադրբեջանի համար: Ոչ մի պարագայում ես հանցավոր կապի մեջ չեմ եղել հայկական իշխանությունների հետ».:
Լապշինը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում.
«Ես զղջում եմ արածիս համար, ցավում, որ այցելել եմ Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք կրում են օկուպացիայի զրկանքները: Ես որևէ բան չգիտեի օկուպացիայի մասին, իսկ գտնվելով այստեղ՝ ես զգացել եմ միայն լավ վերաբերմունք իմ հանդեպ»,- գրում է ԱՊԱ-ն, այդ բառերը վերագրելով Լապշինին:
Խորհրդակցությունից հետո դատարանը կհրապարակի վճիռը: Հիշեցնենք, ավելի վաղ դատախազը բլոգերի համար 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել: