Սվիտալսկին գովաբանել է քաղակտիվիզմը ՀՀ-ում և նոր դրամաշնորհներ խոստացել
Եվրամիությունը հանձնառու է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Կլինեն նոր հատկացումներ, մասնավորապես, քաղաքացիական հասարակության հետ աշխատելու համար. սա մեր երկարատեւ հանձնառությունն է:
Այս մասին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական մեկնարկին հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղհասարակությամբ, որը շատ զարգացած է. Հայաստանում գործում է 4 հազար հասարակական կազմակերպություն, 1000 հիմնադրամ, ու անգամ եթե նրանք ոչ լիարժեք են գործում, ապա միևնույն է՝ սա հզոր ներուժ է: Իսկ քաղաքացիական հասարակությունը չափազանց կարևոր է հզոր երկիր կառուցելու համար:
«ԵՄ-ի համար առաջնահերթությունների մեջ մտնում են փոքր հասարակական կազմակերպություններին ենթադրամաշնորհներ տրամադրելը, իսկ երկրորդ առաջնահերթությունը՝ մարզերն են: Մենք ցանկանում ենք օգնել քաղաքացիական ակտիվիզմի կայացմանը մարզերում: Երրորդ սկզբունքը՝ սոցիալական ձեռնարկատիրությունն է»,- թվարկեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Սվիտալսկին ընդգծեց, որ փողը ցանկացած գործունեության թթվածինն է, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ներքո՝ նոր ստեղծարար հնարավորություններ են բացվում ֆինանսական միջոցներից օգտվելու եւ իրենց գործունեությունն ընդլայնելու համար: