VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«168 ժամ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հանդիպման վայրը Մայրբախից անսպասելիորեն տեղափոխեցին Բրյուսել ինչ-որ դրդապատճառներով, որոնք դեռեւս անհայտ են, քանի որ բանակցային գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Ես չեմ ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել, բայց որոշ գաղափար ունեմ, որ սեղանին ինչ-որ փաստաթուղթ կա, որի մասին խոսել է ԱՄՆ համանախագահ Հոգլանդը։ Նրանք այն չեն գաղտնազերծում, եւ, հավանաբար, մանրամասն քննարկում է գնում։ Բայց դատելով նրանից, որ նրանք ի վերջո հայտարարեցին, որ հնարավոր է նախագահների հանդիպում մեկ տարվա ընթացքում, սա խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, եւ հարցեր կան, որ պետք է լուծեն պետությունների նախագահները»,- մեր թղթակցին ասել է քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե ավստրիական Մայրբախում, որտեղ նրանք միասին գտնվում էին, այլ՝ մի քանի ժամ անց Բրյուսելում, որտեղ այդ պահին գտնվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին խոսել է միայն ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, քանի որ Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը Ջոն Քերրին էր, հանդիպմանը մասնակցում էին կողմերի ԱԳ նախարարությունների ղեկավարները եւ համանախագահ երկրները, իսկ Սանկտ Պետերբուրգում միջնորդական ջանքերը եղել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ. «Որքան ես տեղյակ եմ, Պուտինը, նախքան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ միաժամանակ հանդիպելը, նրանց հետ առանձին-առանձին է բանակցել, եւ այդ ժամանակ եղել են ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը խախտել է եւ հրաժարվում է կատարել։ Ավելին՝ Վիեննայի փաստաթղթի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրի տակ, որոնք նախատեսում են հրադադարի խախտման մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, դիտորդների թվի ավելացում, եւ այլն, առկա է միայն հայկական կողմի եւ համանախագահների ստորագրությունը։ Բայց Ադրբեջանն այդ փաստաթղթերը չի ստորագրել։
Ահա թե ինչն է խնդիրը։ Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, եւ, ըստ ամենայնի, Ալիեւը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել։ Արդյունքում՝ Մոսկվան հրաժարվել է ստանձնել բանակցային գործընթացում միջնորդության առաջամարտիկի դերը, եւ ամեն ինչով այժմ զբաղվում է Մինսկի խումբը։ Ինչ-որ կերպ սլաքները դեպի Մոսկվա ուղղելու Ադրբեջանի փորձերը, որ, իբր Մոսկվան պետք է ինչ-որ Լավրովի պլան իրագործի, եւ այլն, արդյունք չտվեցին, եւ այդ ամենն ամբողջովին բլեֆ է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` մարզպետ Արթուր Նալբանդյանից Լոռվա մարզում դժգոհություններ են հասունանում, հատկապես չինովնիկների շրջանում: Ասում են, թե նա ողջ մարզը բռի մեջ է պահում, ոչ մի համայնքի ղեկավար ոչ մի քայլ չի կարողանում անել առանց նրա «դաբրոյի»: Ամենավատ վիճակում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ով անգամ ներքին, թեթեւ հարցերն առանց Նալբանդյանի «դաբրոյի» չի կարողանում լուծել, ամեն բան համաձայնեցնում է նրա հետ: «Մարզպետն արդեն բոլոր սահմաններն անցնում է, բայց ոչինչ անել չեն կարող, թույլ են շատ քաղաքապետի դիրքերը, հենարան չունի ներսում: Նույնիսկ կադրային փոքր փոփոխություններ չի կարողանում անել, ամեն ինչ չերեզ մարզպետ է»,- մեզ հետ զրույցում ասաց մի մտահոգ վանաձորցի: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ սկսել են երանի տալ Դարբինյանի ժամանակները: Մամիկոն Ասլանյանը, ճիշտ է, ավելի կիրթ ու գրագետ մարդ է, բայց թույլ է, անգամ իր նշանակած կադրերը չեն ենթարկվում: Քաղաքապետարանի աշխատակազմը դարձել է անգործունակ, ծույլ, գլուխ պահող մարդկանց հավաքատեղի, որոնց կազմած գրությունները շարունակ հետ են ուղարկվում Տարածքային կառավարման նախարարությունից` շտկելու, փոխելու, օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հրահանգներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից երեկ ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան։ Մեր տեղեկություններով՝ նա նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ։ Այդ պաշտոնն զբաղեցնում էր Վարդան Ասոյանը, ով նշանակվեց Ռոստովում ՀՀ հյուպատոս՝ փոխարինելով Արարատ Գոմցյանին։ Պետական արարողակարգի պետը նստում է ԱԳՆ-ում, ունի բազմաթիվ աշխատակիցներ եւ կազմակերպում է պաշտոնյաների միջոցառումները, հյուրերի ընդունելությունները։ Նշենք, որ Արմեն Եգանյանը 2011թ․ նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան, մինչ այդ ԱԳՆ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նրան դեսպանի պաշտոնում փոխարինել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԻԱԿ խորհրդի եւ քարտուղարության անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Նա ՌԴ-ում հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մեծ շուքով Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի եւ սպասարկման մի քանի կետ ապամոնտաժեց: Պատճառն այն էր, որ առեւտրային կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալել էին չնախատեսված տեղում՝ մայթի բանուկ հատվածում եւ մայթի 50 տոկոսից ավելի հատվածում տեղակայել էին սեղաններ եւ աթոռներ՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս գործողությանը նախորդել էր Երեւանի քաղաքապետի հուլիսի 10-ի աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:
«Սեզոնային սրճարաններին եւ հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետեւել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առեւտրի օբյեկտների սառնարանները»,- հայտարարել էր Տարոն Մարգարյանը: Armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին ապամոնտաժում մայթերի կեսից ավելին զավթած սննդի օբյեկտների հիշյալ հատվածները: Զարմանալի է, որ Երեւան քաղաքում միայն Թումանյան փողոցի՝ Հյուսիսային պողոտայից մինչեւ Աբովյան փողոցը տեղակայված սննդի օբյեկտներին վերաբերվեց Տարոն Մարգարյանի վրդովմունքը:
Armtimes.com-ը հատուկ քաղաքապետարանի համար տեսանկարահանել է Երեւան քաղաքի մեկ այլ փողոց, որտեղ նույն պատկերն է. սրճարանները հասել են գրեթե փողոցի երթեւեկելի մասը: Խոսքը Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման մասին է վերաբերվում, որտեղ տեղակայված են «Սքուեր ուան», «Մարկո պոլո» եւ «Վասաբի» օբյեկտները: Խնդիրը բացարձակապես կապված չէ նշված սրճարանների հետ, հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Թումանյան փողոցի սրճարանները դուրս են եկել իրենց սահմանագոտուց եւ սեղան-աթոռներ տեղադրել մայթի վրա, իսկ ահա նշված սրճարանները օրենք չեն խախտել:
Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցից բարձրացող եւ իջնող յուրաքանչյուր ոք, երեկոյան ժամերին հատկապես, չի կարող նշված ճանապարհահատվածը չանցնել առանց հերթի եւ շարքի, քանի որ պարզապես հնարավոր չէ ազատ տեղաշարժը: Եթե քաղաքապետարանն ընտրողաբար չի մոտեցել ապամոնտաժման այս նախաձեռնությանը, ապա հաջորդ ապամոնտաժվող սրճարանները պետք է հենց «Մարկո Պոլո»-ն, «Սուքուեր ուան»-ը եւ «Վասաբի»-ին լինեն, հակառակ դեպքում համոզիչ չի, որ մայրաքաղաքի միայն Թումանյան փողոցի սրճարաններին էին օրինազանցները»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչ–որ պաշտոնյայի ուղեղի փայլատակման արդյունքում, շախմատային մի քանի գործողություններից հետո, քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը «սուսուփուս» դարձավ ինչ–որ օլիգարխի էլիտար հյուրանոց: Խոսքը Երեւանի Զաքյան փողոցում գտնվող Ասքանազ Մռավյանի անվան նախկին թիվ 25 դպրոցի մասին է, որը դեռ 2012–ին դադարեցրեց իր գործունեությունը, եւ կառավարության թեթեւ ձեռքով տրամադրվեց ՀՀ փաստաբանների պալատին, որտեղ պետք է «տեղավորվեին» նաեւ Փաստաբանների դպրոցն ու հանրային պաշտպանի գրասենյակը:
Դեռեւս ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10–ի նիստում որոշվել էր. «Երեւան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը եւ նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ եւ չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաեւ ՀՀ փաստաբանական դպրոցը»։
Շինարարություն իրականացնողն էլ ինչ–որ «Գոհարիկ» ՍՊԸ էր: Միով բանիվ, այսօր 2017 թվականն է, Մռավյանի դպրոցի տեղում վեր է խոյացել «Ցենտրալ» էլիտար հյուրանոցը: Այ քեզ աճպարարներ: Երկիրը, որտեղ դպրոցի տարածքի վրա աչք են տնկում ու փաստաթղթային աճպարարությամբ, մի քանի «շախմատային քայլերով» այն դարձնում են հյուրանոց, երկիր չի դառնա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է շաքարի մենաշնորհի մասին, ու պատկան մարմինները ոչ մի քայլ չեն անում այդ մենաշնորհին վերջ տալու ուղղությամբ: Անշուշտ, միայն այդ ոլորտում չէ, որ կա մենաշնորհ, բայց ամենալայն սպառման, ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը հենց շաքարի ներմուծումն է: Գուցե այս ոլորտն անձեռնմխելի է այն պարզ պատճառով, որ այն տնօրինում է ՀՀ իշխանություն ների ամենասիրելի օլիգարխներից մեկը՝ ԱԺ հավերժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ մաքսային հատվածից ստացել ենք պաշտոնական տվյալներ, որոնց ուսումնասիրությունից կարելի է հասկանալ, թե մեր տնտեսության եւ հատկապես ներկրումների ոլորտում ինչպիսի աղետալի վիճակ է տիրում:
2016 թվականին եւ 2017-ի առաջին եռամսյակում այլ երկրներից շաքարի կամ շաքարի հումքի ամենամեծ խմբաքանակը, ըստ մեզ տրամադրված պաշտոնական տվյալների, ներմուծել է հենց Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շաքարի, շաքարի հումքի խոշոր ներմուծող է նաեւ ԵՏՄ անդամ երկրներից: Այսպես. միայն 2016 թվականին ոչ ԵԱՏՄ անդամ, այսինքն՝ երրորդ երկրներից ամենաշատ շաքար կամ շաքարի հումք ներմուծել է «Ալեքս Գրիգը»՝ 57 հազար 910 տոննա: Սրա ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 9 մլրդ. 866 միլիոն դրամ:
«Ալեքս Գրիգ»-ից բացի, 2016-ին այլ երկրներից Հայաստան շաքար կամ շաքարի հումք է ներմուծել եւս 22 ընկերություն: Բայց դրանցից որեւէ մեկը ծավալի առումով անգամ հեռավոր մրցակցության մեջ չի կարող մտնել «Ալեքս Գրիգի» հետ, եւ դրանք ոչ առեւտրային նպատակով կատարված ներմուծումներ են: Ամենաշատ շաքար ներմուծողը, բնականաբար, «Կոկա-կոլա» ընկերությունն է՝ 1400 տոննա, երրորդը «Ջերմուկ գրուպն» է՝ իր Պեպսի-կոլայով՝ 450 տոննա, իսկ չորրորդ տեղում «Գրանդ քենդի»-ն է՝ 80 տոննա: Ակնհայտ է, որ այս ընկերությունների ներմուծած շաքարը կամ շաքարի հումքը չի վաճառվում խանութներում: Սրանք վերամշակող ընկերություններ են, որ շաքար ներմուծում են սոսկ իրենց արտադրանքի մեջ օգտագործելու համար, առաջին երկուսը՝ հյութերի արտադրության մեջ, «Գրանդ քենդի»-ն էլ՝ հրուշակեղենի: Վերջին տեղերում գտնվող ներմուծողներն էլ շաքար ներմուծել են կիլոգրամներով՝ 20 կգ, 80 կգ, 100 կգ:
Մեզ հատկապես հետաքրքրում է 2017-ի առաջին եռամսյակի պատկերը, երբ նոր կառավարությունն սկսեց հայտարարել, որ մենաշնորհային ներմուծումների դեմ հուժկու պայքար է մղում: Բայց այս տարվա առաջին երեք ամիսներին այլ երկրներից շաքարի ներմուծման գծով նույնպես առաջատար է «Ալեքս հոլդինգը»՝ 23 հազար 122 տոննա: Սա նույն «Ալեքս Գրիգն» է՝ Ալեքսանյանին պատկանող, պարզապես, նրա տիրոջ սովորույթի համաձայն, հերթական անգամ անվանափոխության է ենթարկվել:
Այս երեք ամիսներին շաքար, շաքարի հումք Հայաստան ներկրվել է ավելի քիչ՝ ընդամենը 9 ընկերություն, որոնցից ութը’՝ կրկին կիլոգրամներով: Օրինակ՝ «Ալեքս հոլդինգից» հետո երկրորդ խոշոր ներմուծողը, եթե կարելի է դա խոշոր անվանել, «Սիներջի յուրոփ» ՍՊԸ-ն է՝ ընդամենը 380 կգ: Այս ցանկում չորրորդ ներմուծողը «Սովրանո» ՍՊԸ-ն է՝ 240 կգ, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին»: