Բաքվի բողոքից հետո ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը փոխել է իր հաղորդագրությունը
Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչությունը հստակեցրել է երկու օր առաջ տարածած հաղորդագրությունը հայ-իրանական սահմանին ուսումնական մարզումների վերաբերյալ և "հանել" այնտեղից Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը:
«Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչությունը հաղորդում է, որ Մեղրիի սահմանապահ ջոկատի պատասխանատվության ներքո գտնվող հատվածում (հայ-իրանական սահման) սահմանային որոնումներ իրականացնող ուժերի ու միջոցների մարզումների ժամանակ մշակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն պայմանական օրինախախտների ներթափանցումը կանխող գործողությունների կարգը»,- ասվում է Հայաստանում դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հաղորդագրության նախորդ տարբերակում նշված էր ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատի եւ Հայաստանի ազգային անվտանգության ուժերի սահմանապահ զորքերի մարտական կարգի գործողությունների մասին՝ պետական սահմանը խախտողին փնտրելիս, որը փորձում էր ներթափանցել Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքերը։ «Ըստ զորավարժությունների սցենարի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտելիս, շրջանցել են ազդանշանային համակարգի գծային հատվածը, հետո հատել Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի վարչական սահմանները եւ լեռնային տեղանքում թաքնվելու փորձ ձեռնարկել»,- նշվել է հաղորդագրությունում։
Այս ձեւակերպումը Բաքվում դժգոհությունների տեղիք է տվել։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիեւը պաշտոնական նամակ է հղել ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ Վլադիմիր Կուլիշովին։