23.11.2024
ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում
prev Նախորդ նորություն

EuFoA. Զահրան և նրա տատիկը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հերթական զոհերն են

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) միջազգային հասարակական կազմակերպության՝ EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոյի և ԵԽ պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտության սրացման մասին փաստող վերջին դեպքերը, որոնք, ցավոք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են բոլորի համար, քանի որ իրենք հավատում են խաղաղության և փոխըմբռնման արժեքներին:


«Զահրա Գուլիևան և նրա տատիկը՝ Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված վերջին լարվածության հերթական զոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապես քննադատվում է Ժնևի Կոնվենցիայով, և ինքնին համարվում է պատերազմական հանցանք)` վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին:

Այս երկու անունն ավելանում են հայ և ադրբեջանցի բոլոր այն զոհված քաղաքացիական և զինվորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրության անտարբերության և ձախողման հետևանքով, քանի որ չեն կանխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը: 2017-ի «քառօրյա պատերազմին» հաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց համաձայնություն տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման առաջարկին, ինչի հետևանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչությունը և մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիվությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, այլև ակտիվացրեց սադրիչ գործողությունները:

Սա Բաքվի պատասխանն է երկրի ներսում մարդու իրավունքների խախտումների և մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ արտաքին քննադատություններին և ճնշումներին, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը», - ասված է համատեղ հայատարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նաև կոչ են անում անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, և վերահաստատում այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա՝ տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա:


«Սա միակ ուղին է՝ դադարեցնելու երկու կողմերի շրջանում քաղաքացիական և զինվորական անձանց հետագա հնարավոր մահվան դեպքերը: Մենք նաև կոչ ենք անում Եվրոպական Միությանը ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առկախելով քաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ առ այն, քանի դեռ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և ոտնահարել մարդու իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ: