Գերմանիայի ԱԳՆ-ն Կատարի շուրջ իրադրության կապակցությամբ «լուրջ երկխոսության» կոչ է արել
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը «լուրջ երկխոսության» կոչ է արել՝ Կատարի եւ արաբական պետությունների հարաբերություններում ճգնաժամին վերջ դնելու համար: Այս մասին Գաբրիելը հայտարարել է արաբական երկրներ շրջագայության նախաշեմին: AFP-ի փոխանցմամբ՝ նա այցելելու է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար:
«Շաբաթներ շարունակ Արաբական թերակղզու եղբայրական երկրներն ու հարեւանները հակամարտության մեջ են ներքաշված, որը մտահոգություն է առաջացնում»,- նշել է նա: Գաբրիելի խոսքով՝ Բեռլինը մտահոգված է, որ անվստահությունն ու տարաձայնությունները կարող են թուլացնել շահագրգիռ կողմերին, ինչպես նաեւ ամբողջ թերակղզին:
Գերմանացի պաշտոնյան «լուրջ երկխոսության» կոչ է արել՝ ճգնաժամը հաղթահարելու համար եւ հավելել, որ չնայած Բեռլինը «կողմերից ոչ մեկին նախապատվություն չի տալիս, կոնֆլիկտն առնչվում է ինչպես մեզ, այնպես էլ մեր շահերին». դա վերաբերում է ինչպես ԻՊ-ի դեմ պայքարին, այնպես էլ տարածաշրջանում կայունությանը:
Նշենք, որ 10 պետություններ, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրաքները։
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջներն են ներկայացրել, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։