Թուրքիան չի ընդունում գերմանացի գործիչների սադրիչ հայտարարությունները․ Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է Համբուրգ այցից առաջ Էրդողանի հասցեին գերմանացի քաղաքական գործիչների հայտարարություններին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Թուրքիան չի ընդունում Էրդողանի հասցեին գերմանացի քաղաքական գործիչների սադրիչ հայտարարությունները։
«Թուրք-գերմանական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն հանուն կարճաժամկետ ընտրական հաշիվների։ Ամեն առիթով Թուրքիային ժողովրդավարության դասեր տվողները թեւ ու թիկունք են տվել քուրդ զինյալներին ու հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողներին»,-ասել է Իբրահիմ Քալընը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը մասնակցելու է Համբուգում կայանալիք G-20 երկրների ղեկավարների համաժողովին։ Գերմանիայում խիստ բացասական են վերաբերվել Էրդողանի այցին։