Ադրբեջանա-թուրքական լոբբին հերթական պարտությունն է կրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:
VERELQ-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի իտալացի պատվիրակներից մեկը նախաձեռնել էր «Ազատ դեմոկրատներ» անվանումից նոր քաղաքական խումբ ստեղծել, որի կազմում ճնշող մեծամասնությունը թուրքեր էին, ադրբեջանցիներ, ինչպես նաև՝ սերբ Միլիցա Մարկովիչը: Սակայն Բյուրոյի նիստում այսօր առավոտյան թուրք և ադրբեջանցի պատվիրակներով քաղաքական նոր խումբ ստեղծելու այդ նախաձեռնությունը տապալվել է՝ 11 դեմ, 4 կողմ ձայնով քվեարկության արդյունքում:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ խումբը նպատակ էր հետապնդում ինչ-որ մարդկանց այդ տանիքի ներքո հավաքելու համար, սակայն Բյուրոն մերժել է նախաձեռնությունը:
«Կարծում եմ, երկու պատճառ կա, թե ինչու Բյուրոն մերժեց այդ խումբը ստեղծելու նախաձեռնությունը: Հեղինակները նախ նշել էին, որ հուլիսի 1-ից է այդ խումբը ստեղծված համարվում, մինչդեռ այդ ժամանակ 17 անդամները այլ քաղաքական խմբերի անդամ էին: Իսկ բացի այդ պարզվել է, որ նոր խմբի կանոնադրությունը արտատպված է ԱԼԴԵ-ից և Բյուրոյում նրանց մեղադրեցին նաև հեղինակային իրավունքների խախտման մեջ», - տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:
Հիշեցնենք, Միլիցա Մարկովիչը աղմկահարույց ՝«Ադրբեջանի սահմանամերձ բնակիչները դիտավորյալ զրկված են ջրից» հակահայկական զեկույցի հեղինակն է, որին մեղադրում էին հակահայ ձևակերպումներով լի զեկույց պատրաստելու համար: Հայկական կողմը ահազանգել է, ոչ փաստաթուղթը պարունակում է ձևակերպումներ, որոնք, ընդունվելու դեպքում, չափազանց մեծ վնաս կհասցնեն ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ամբողջ գործընթացին։ Չնայած դրան՝ Միլիցա Մարկովիչի զեկույցն ընդունվել էր ԵԽԽՎ կողմից:
Նշենք նաև, որ այս շաբաթը հաջող չէր Թուրքիայի ևԱդրբեջանի պատվիրակությունների համար, քանի որ ԵԽԽՎ-ն ընդունեց փոփոխություններ իր կանոնադրության մեջ, համաձայն որոնց Վեհաժողովն այսուհետ կարող է պաշտոնից ազատել ԵԽԽՎ նախագահին և նրա տեղակալներին: Այսպիսով, սպասվում է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը՝ վերջինս ինքնակամ հրաժարվել էր հրաժարական տալ, իսկ Պեդրո Ագրամունտը հայտնի է իր պրոադրբեջանական քաղաքականությամբ ու Իլհամ Ալիևի ռեժիմի հետ մտերմիկ հարաբերություններով: