VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է.«Բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում 2 օր է՝ մեռյալ մթնոլորտում են անցնում։ Պատգամավորները նիստի սկզբում ներկա են ստանում ու հեռանում։ Երեկ այս վիճակը լայն ասպարեզ էր ստեղծել տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի համար, որի ղեկավարած հանձնաժողովում քննարկվում էր բյուջեի կատարողականը։ Հարությունյանը հարց ուներ կառավարության անխտիր բոլոր ներկայացուցիչներին։ Բայց մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին, մինչդեռ նախկին նախագահ Վարդան Այվազյանը քննադատում էր գործադիրի ներկայացուցիչներին՝ թերեւս ցույց տալով, որ ԱԺ-ն անկախ է, եւ կառավարությունը հաշվետու է իրենց։ Լավ է գոնե Մանե Թանդիլյանը եւ Վահե Էնֆիաջյանը ներկա էին եւ իրենց հարցերով տեղ-տեղ փչացնում էին Խոսրով Մելիքիչի տրամադրությունը»։
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ուշագրավ է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը եւ հատկապես «Ծառուկյան» դաշինքը նույնպիսի բացասական տրամադրվածություն ուներ բյուջեի կատարողականի հանդեպ, ինչպես վերաբերում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին: Մինչդեռ, ըստ էության, կատարողականում արտացոլված թվային նվազումներին, ամենեւին էլ չի պատրաստվում նոր կառավարությունը տեր կանգնել՝ հաշվի առնելով այն, որ բյուջեի կատարողականն ավելի շատ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքի արդյունքն է: Չէ որ նախորդ տարվա սեպտեմբերին Կ. Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ 100 օրը լրացնելով էլ տարին փակվեց»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց բացեց: Այն իրարանցման պատճառ էր դարձել: «Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գտնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում: Որոշ ժամանակ դարարեցվել էր Գյումրիի Վարդանանց հրապարակից Գայի փողոցի երթեւեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել: Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարեւանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ 6–րդ գումարման խորհրդարանի մեկնարկի ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, հայտարարեց, որ «առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի... արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծումը», կառավարությունը որոշել է հեշտացնել Հայաստանից արտագաղթածներից սեփական հողերը վերցնելու գործընթացը: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից: Այսպես՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը: Այլ հարց է, այս փոփոխությունը ինչպե՞ս է հասնելու, ասենք, Ռուսաստանի Չուկոտկայի գյուղերից մեկն արտագաղթած հայ ընտանիքին եւ ինչպե՞ս են նրանք տեղեկանալու, որ կորցնում են իրենց սեփականությունը: Իսկ եթե հաշվի առնենք, թե քանի հայ է վերջին տարիներին հատկապես մարզերից հեռացել Հայաստանից ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապա կարելի է պատկերացնել, թե հողային ինչ քանակի աճուրդներ կարող են լինել առաջիկայում»: