Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայինը
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բրեքսիթի գործընթացին եւ նշել, որ ցանկացած պարագայում Հայաստանը Մեծ Բրիտանիան դիտարկում է որպես եվրոպական արժեհամակարգի կրող երկիր եւ պատրաստ է հետագա երկկողմ ակտիվ համագործակցության: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Կարեւորվել է Բրյուսելի գագաթաժողովում Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրումը:
Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին: Կարեւորվել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքը կապված Շոտլանդիայի հանրաքվեի հետ եւ հույս հայտնել, որ ինքնորոշման իրավունքի լայն կիրառելիության միտումը վաղ թե ուշ ընկալելի կդառնա նաեւ Ադրբեջանի համար:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանը եւ անելիքներին: