Օրերս VERELQ-ն անդրադարձել էր Հայաստանի և Իսրայելի միջև հասունացող սկանդալին, որի էպիկենտրոնում հայտնվել էին այն մի քանի բուհերը, որոնք բժշկական մասնագիտություններով (տվյալ դեպքում՝ ստոմատոլոգիա) դիպլոմներ են տալիս: Թեև մեզ հետ զրույցում այդ օրը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանություններից, հասցեագրելով բոլոր հարցերը այդ մի քանի բուհերին, երկու օր անց նախարարությունը դիմեց ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի վերջինս իր հերթին դիմի Իսրայելին պարզաբանումներ ստանալու համար: Այս իմաստով որևէ նորություն դեռևս չկա: Իսկ հայաստանյան մի քանի բուհերից թերևս ամենաբացը «Հայբուսակ» համալսարանն է, քանի որ մյուսները պարզապես հեռախոսազանգերին չեն պատասխանում ու որևէ մեկնաբանություն չեն տալիս:
VERELQ-ի հետ զրույցում «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանը մի շարք ուշագրավ փաստերի վրա ուշադրություն հրավիրեց: Նախ, մատնանշեց նա, այս խնդիրը առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է և դեռ մեկ տարի առաջ Իսրայելը նման կասկածների մասին բարձրաձայնել է: Եվ ահա մեկ տարվա լռությունից հետո Իսրայելը նորից, ընդ որում «պատահական» զուգադիպությամբ, հենց հունիսին է նման հարց բարձրացնում.
«Եթե մենք նայենք վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ հայաստանյան որևէ բուհ անցյալ տարի իսրայելցի ուսանողներ չի ընդունել՝ բացառությամբ 1-2-ի: Այսինքն, այս աղմուկը նպաստում է նրան, որ մարդիկ խուսափեն գալ Հայաստան և մնան կրթվելու իրենց երկրներում: Ես որևէ գնահատականներ կամ մեկնաբանություններ այս զուգադիպության մասով չեմ հնչեցնում, բայց, կարծում եմ, մեկ տարին բավարար ժամանակահատված էր, որպեսզի այս հարցում հստակություն մտցվեր և ոչ թե այսօր նորից բախվեինք այդ խնդրին, երբ առաջիկայում ընդունելության ժամանակաշրջանն է: Ի վերջո, հայաստանյան բուհերը, թեև բոլորի մասին դա ասել չեմ կարող, լավ համբավ ունեն Իսրայելում և պետք է դա ամեն գնով պահպանել»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ այս սկանդալը հենց այնպես չէ, այլ միտումնավոր է հենց այս շրջանում գլուխ բարձրացնում և հորդորեց մեր պատկան մարմիններին ամենանյն լրջությամբ պարզել ողջ իրողությունը: Հարցին՝ այս ընթացքում համալսարանին իսրայելական պատկան մարմինները դիմե՞լ են, որևէ հարցում արե՞լ են այս կամ այն շրջանավարտի հետ կապված, ում դիպլոմը կասկածում են, թե կեղծ է, Անահիտ Հարությունյանն ասաց, որ նման բան չի եղել ո՛չ այս տարի, ո՛չ էլ նախորդ: Տեղեկացրեց միայն, որ դեռ անցյալ տարի իրենց դիմել էր Իսրայելի առողջապահության նախարարության համապատասխան բաժինը, թե արդյոք բուհն ունի իսրայելցի շրջանավարտներ այդ տարի, ինչին ի պատասխան «Հայբուսակ»-ից ուղարկվել է բոլոր իսրայելցի ուսանողների ցուցակը վերջին տարիների կտրվածքով: Եվ այդ ավանդույթը շարունակել են նաև այս տարի՝ ուղարկել են բոլոր 70 հոգու տվյալները (3 տարվա տվյալ), թեև այս տարի արդեն իսրայելական կողմը նման հարցում չի արել:
«Մի քանի օր առաջ, հունիսի 21-ին ստացել ենք նամակ Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտական քննությունների բաժնի պետ Ամիր Շանոնից, ում հետ երկար տարիներ է կապի մեջ ենք՝ նա մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր ծրագրերի նկատմամբ: Իսկ այս վերջին նամակում նամակում նա ի սրտե շնորհավորում է բուհի բժշկական դեկանատին արդյունավետ բարեփոխումների համար: Եվ որևէ խոսք չկա նման խնդրի մասին, միթե դա տարօրինակ չի՞»,- հետաքրքրվեց մեր զրուցակիցը:
Անահիտ Հարությունյանը նշեց՝ այս ամբողջ պատմության մեջ առաջին պլան պետք է դուրս գան երկու երկրների իրավապահներն ու այլ մարմինները, որոնք պետք է պարզեն, թե իրականում ինչ է կատարվում, այլապես ամեն տարի նման խոսակցությունները որևէ լավ բանի չեն հանգեցնի:
«Ամենաշատ օտարերկրյա ուսանողները մեր բուհում են սովորում և բուհը գիտի ամեն արտասահմանցի ուսանողի տեղը, նրանց ցանկացած տեղաշարժի ՝ երկրից դուրս-ներսի մասին, մենք տեղեկացված ենք դիմումների միջոցով: Բուհը գտնվում է մշտական կապի մեջ ԿԳՆ-ի և այլ գերատեսչությունների հետ և յուրաքանչյուր օտարերկրյա ուսանողի տվյալները մանրակրկիտ ստուգվում են: Խոսքը նաև վերաբերում է այն ուսանողներին, որոնք այլ երկրների բուհերից են տեղափոխվել Հայաստան: 21-րդ դարում ստուգել, թե անձը ո՞ր երկրում որքան ժամանակ է գտնվել, սովորել կամ ապրել չափազանց հեշտ է և խնդիր չէ նախարարության կամ այլ գերատեսչությունների համար: Այնպես որ վստահ եմ, որ այս հարցը արագ պետք է լուծվի »,- վստահություն հայտնեց նա:
Ի դեպ, իրեն հայտնի է, որ արդեն Իսրայելում «Հայբուսակ» համալսարանի շրջանավարտները դիմել են հրեա մի փաստաբանի, ով արդեն մի քանի գործ կարողացել է հաստատել, որ որևէ կեղծիք չկա և ռեկտորը վստահ է, որ այդպես կլինի իրենց բուհի յուրաքանչյուր շրջանավարտի պարագայում: Իսկ թե ինչու են արաբները Իսրայելում դատական կարգով հաստատում իրենց փաստաթղթերը՝ դա, ըստ Հարությունյանի, Իսրայելի ներքին խնդիրն է և Հայաստանում չէ, որ պետք է մեկնաբանվի.
«Այսպիսով պետք է արձանագրեմ, որ մենք որևէ առնչություն ընդհանրապես որևէ կեղծիքի հետ չենք ունեցել և չենք կարող ունենալ, քանի որ համալսարանի ռազմավարությունը հիմնված է մեր արտաքին կապերի զարգացման և առհասարակ զարգացման վրա: Մեր ուսանողները շատ լավ գիտեն, որ եթե չենհաճախում դասերի որոշակի ժամանակ, հեռացվում են համալսարանից: Եվ ցանկացած պահի ռեկտորատը կարող է ցանկացած այցելուի բացել և ցույց տալ, թե որքան ուսանող է ազատվում համալսարանից՝ լինի ՀՀ քաղաքացի, թե օտարերկրացի, ոչ միայն ցածր առաջադիմության համար, այլ կոնկրետ բացակայության: Մեր խնդիրն է այսօր, որպեսզի այս խնդիրը արագ լուծում ստանա, ինչում ես, ճիշտն ասած, կասկածում եմ, քանի որ մեկ տարի առաջ արդեն այդ հարցը բարձրացվել է Իսրայելի կողմից և որևէ լուծում չի ստացել: Ինչո՞ւ: Աշխարհի բոլոր երկրներն այսօր ունեն դիմորդների պակաս և իմ կարծիքով՝ գուցե նման մեթոդներով են փորձում այդ խնդիրը լուծել: Բայց, անխոս, բարձրացված փաստերը պետք է ստուգվեն և ապացուցվի, որ հայաստանյան բուհերը նման մութ գործարքների հետ որևէ առնչություն չունեն, որպեսզի Հայաստանը դառնա գրավիչ օտարերկրացի ուսանողների համար»,- հավելեց նա:
Լիա Խոջոյան