24.11.2024
Կառավարությունը restart է անում իր աշխատանքը
prev Նախորդ նորություն

ԶԼՄ-ները ստիպեցին ԿԳՆ-ին «արթնանալ» ու գիտակցել հայ-իսրայելական սկանդալի ողջ լրջությունը

Երկու օր առաջ VERELQ-ն անդրադարձել էր Հայաստանի և Իսրայելի միջև հասունացող սկանդալին՝ հայաստանյան բուհերի կողմից իսրայելցի ուսանողներին ենթադրաբար կեղծ դիպլոմներ տրամադրելու պատճառով: Հիշեցնենք, ներկայումս Իսրայելի ոստիկանությունը ստուգում է երկրի առողջապահության նախարարության ահազանգը Հայաստանի ակադեմիական աստիճանների հետ կապված, որոնք կարող են կեղծ լինել:


Մեր հրապարակման շրջանակում փորձել էինք կապ հաստատել բոլոր այն բուհերի հետ, որոնք Հայաստանում բժշկական մասնագիտություններով դիպլոմներ են տալիս, սակայն ապարդյուն: Նույն արդյունքը նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից մենկաբանություն ստանալու գործընթացում էր մեզ սպասվում, քանի որ ԿԳ նախարարի մամուլի խոսնակը հորդորել էր դիմել մեղադրանքների հնարավոր հասցեատերերին՝ բուհերին: Թե՛ երկու օր առաջ, թե՛ հիմա մենք, սակայն, շարունակում ենք պնդել, որ այս խնդիրը լոկալ բուհերի խնդիրը չէ, այլ Հայաստանի հանրապետության՝ ի դեմս ԿԳՆ-ի:


Լուրջ ռեզոնանսից և լրատվական դաշտի ուշադրությունից երկու օր անց ԿԳՆ-ն, վերջապես, որոշում կայացրեց հանդես գալ պարզաբանմամբ՝ գուցե հասկանալով, որ սա իսկապես լուրջ խնդիր է, որը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:


Հայտարարության մեջ ասված է, թե ԿԳ նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննությանը.


«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է.


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը` Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»»:

Նախարարությունից նաև հավելում են, որ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը: