Կառավարությունը restart է անում իր աշխատանքը
Կառավարությունը ռեստարտ է անում իր աշխատանքը.
«Ռեստարտ ենք անում մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական 6-օրյա մինիմում աշխատանքային ռեժիմ և ադապտացնում ենք մեր ծրագիրը նախկին մեր միջոցառումներին»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնելով, որ նախօրեին Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացավ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, վարչապետը, նախ, հայտարարեց՝ գիտակցում են, որ հեշտ ճանապարհ չեն ընտրել, բայց գիտեն՝ ինչ է պետք փոխել, որպեսզի ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարեփոխվեի: Այնուհետ նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ամբողջական ցանկ:
«Սահմանեք պատասխանատուներին, որպեսզի երեք ամիսը մեկ կառավարության աշխատակազմ տեղեկատվություն տրամադրեն կատարված աշխատանքների վերաբերյալ»,- հանձնարարեց գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանը նաև կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ հանձնարարական տվեց: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավարտին է մոտենում 2017 թվականի առկա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը, հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց մինչև հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել կիսամյակային տվյալների հաշվետվություններ ըստ ոլորտների:
«Սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հանրությանը: Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, հստակ ձևակերպենք՝ ի՞նչն ենք կատարել, իսկ եթե կան չկատարված բաներ՝ ինչո՞ւ չենք կատարել և ի՞նչ ենք անելու, որ լրացնենք դա»,- ասաց նա, միևնույն ժամանակ հավելելով, որ կարծում է, թե այդպիսի կետեր չպետք է լինեն: