24.11.2024
ՊԲ-ն անցկացնում է ճամբարային հավաքներ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին խնդրեցինք վերլուծել վարչապետի նկարած պատկերները:


«Սովորաբար այդ կարգի նկարները կոչվում են ավտոմատ, չգիտակցված կամ մեխանիկական գրառումներ, եւ գրաֆոլոգիայում շատ կարեւոր նշանակություն ունեն: Եվրոպական շատ երկրներում մարդուն աշխատանքի ընդունելիս այդ տեսակ նկարներին մեծ ուշադրություն են դարձնում: Եթե այդ փաստերը կան, շատ ավելի ինֆորմատիվ են դրանք, քան նույնիսկ ձեռագիրը»,- նախ ասաց Սամվել Խուդոյանը, ապա անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նկարածներին ընդհանուր առմամբ՝ նկատեց, որ այն աչքի է ընկնում ավարտուն ու ամբողջական լինելով, ինչը վկայում է նկարողի համապատասխան բնավորության, գործը մինչեւ վերջ հասցնելու վճռականության մասին:


Ինչ վերաբերում է նկարում երեւացող երկրաչափական պատկերներին, հոգեբանի գնահատմամբ` այդպիսի եռանկյունները տրամաբանության վրա հիմնվող, կամային, մի քիչ ագրեսիվ անձնավորության բնութագրեր են: Վարչապետի նկարած պատկերների մեջ Սամվել Խուդոյանը ամենահետաքրքրականը համարեց խաչը: «Գրաֆոլոգիայում խաչը սովորաբար մեղքի զգացման սիմվոլն է համարվում: Այսինքն, ըստ գրաֆոլոգիայի, եթե մարդը խաչեր է նկարում, այն էլ` այսքան մեծ, ուրեմն դա ակնհայտորեն վկայում է ինչ-որ հզոր մեղքի զգացման մասին»,- վերլուծեց մեր զրուցակիցը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ: Եվ ահա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ակնհայտ է, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների՝ կառավարության դեմ ուղղված խիստ քննադատությունը եւ աննախադեպ ակտիվությունը նախապես պլանավորված էին:


Այդ գրոհը նախերգանքն է այն ծավալուն քարոզչական արշավի, որը, ըստ վերլուծաբանների, կսկսի Ծառուկյանն ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ՝ սեպտեմբերին: Այդ արշավը հետզհետե թափ կհավաքի եւ իր բարձրակետին կհասնի 2018-ի փետրվարին, երբ պետք է վճռվի ՀՀ վարչապետի պաշտոնի հարցը: Ակնհայտ է, որ Ծառուկյանն իր առջեւ ծրագիր է դրել մինչեւ 2018 թվականի փետրվարը «մաշել» Կարեն Կարապետյանի ռեյտինգը եւ թույլ չտալ, որ նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ըստ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի 2018 թվականի փետրվարին կոալիցիայից դուրս մղել ՀՅԴ-ին եւ զբաղեցնել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ տեղը՝ համապատասխան դիրքեր ստանձնելով գործադիր իշխանության մեջ: Ըստ վերոհիշյալ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի ստանձնել փոխվարչապետի պաշտոնն այն դեպքում՝, երբ վարչապետի պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ չորս տասնյակ է: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ կամ կալանավայրից չեն տեղափոխվել համապատասխան ՔԿՀ, կամ տուգանքի գումարները չեն բռնագանձվել: Այսինքն՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված իրավական ակտերը պարզապես մնացել են օդից կախված, անկատար:


Ու հիմա ՀՔԾ-ում փորձում են պարզել՝ այս ամենն անփութությա՞ն հետեւանք է, թե՞ դատավորներն այլ շահագրգռվածություն են ունեցել: Հատկանշական է փաստը, որ այս տարվա ընթացքում երեք դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար, հենց նույն պահին: Ու հավանական է, որ քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ ՀՔԾ-ի հետաքրքրվածությունն այս ամենի շարունակությունն է: Չնայած, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իշխանություններն ինքնակամ չեն գնացել այս քայլին, այլ ԵՄ-ի ճնշման ներքո, քանի որ պարտավորվել են պայքարել կոռուպցիայի դեմ ու այդ նպատակով նաեւ լուրջ գումարներ են ակնկալում: Իսկ մինչ այդ մեզ մնում է փաստել, որ ինչպես պետական կառավարման մյուս ոլորտներում, այնպես էլ դատարաններում պարզապես բարձիթողի վիճակ է, եւ այս ամենը դրա հետեւանք է: Հետաքրքիր է՝ իրավիճակը շտկելու համար ի՞նչ են անում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց: Սակայն վարչապետի փոխարեն հարցին ուղիղ տեքստով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (իսկ նա, հաստատապես, առանց նախագահականի համաձայնության նման բան չէր ասի). «2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Կարեն Կարապետյանի անունը չհնչեց: Ասում են` սա ոչ միայն «մեսիջ» է ողջ քաղաքական դաշտին, այլեւ հենց Կարեն Կարապետյանին: Ասում են նաեւ, թե Շարմազանովի հայտարարությունը չափազանց վատ է ընդունվել նաեւ ՀՀԿ-ում. շատերը պնդում են, թե նման կոպիտ շեշտադրում չպետք է արվեր»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Ըստ այդմ` Աշոտյանն ունի 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Ու թեև նա ավտոտնակ ունի, սակայն ավտոմեքենա ունենալու մասին որևէ տեղեկություն իր հայտարարագրում չկա: Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ՝ մայիսի 18–ին, Աշոտյանի բանկային հաշիվների վրա եղել է 20 միլիոն 385 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 79 հազար դրամ աշխատավարձից և 10 միլիոն դրամ ու 50 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից: Հիշեցնենք, որ Աշոտյանը երկար տարիներ՝ 2009–16 թթ. զբաղեցնում էր Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: ՀՀԿ անդամ է 2002 թ.: Կրկին պատգամավոր է եղել 2007–09 թթ.»: