22.11.2024
Ադրբեջանը ներկայացնում է հորինված գաղափարներ - Հայաստանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտը և հայկական մամուլը քննադատում են Նուլանդի «հումանիստական կոչը»

Պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է պնդել՝ Ղարաբաղում կալանավորված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցիները հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կոչը՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ, ստիպել է պաշտոնական Ստեփանակերտին կրկին անգամ թվարկել նրանց հանցանքները՝ պետական սահմանի խախտում, սպանություններ, լրտեսություն, գողություն: Ստեփանակերտում հիշեցրել են նաև "մարդասիրական կոչերին" ի պատասխան խոցված ուղղաթիռի միջադեպը, երբ օրեր շարունակ Ադրբեջանը թույլ չէր տալիս հայկական կողմին դուրս բերել զոհված օդաչուների դիակները:

Փետրվարի 18-ին Երևանում փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը, անդրադառնալով 2014 թ-ին Ղարաբաղում ձերբակալված և հետագայում ղարաբաղյան դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ադրբեջանցիների` Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի ճակատագրին, նախ սարսափելի հանցագործություն որակեց կատարվածը, միաժամանակ կրկնելով Բաքվում արած իր կոչը՝ կալանավորվածներին Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ:

«Այո՛, ես խոսել եմ նաև այն սարսափելի հանցագործության մասին, որը կատարվել էր: Ակնհայտ է, որ դա հանցագործություն էր, սակայն դրանով հանդերձ, մենք կոչ ենք անում համապատասխան իշխանություններին կատարել այն մարդասիրական ժեստը, որի մասին ես խոսել եմ մամուլի հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ», - ասաց նա:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ «ադրբեջանական դիվերսանտների» հարցը պետք է քննրակել միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, քանի որ հանցագործները դատապարտվել են հենց Արցախի օրենքներով: Իսկ ահա Ստեփանակերտի համար անընդունելի են ղարաբաղյան բանտում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու Նուլանդի կոչերը:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով, Արցախի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև դիվերսիոն խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂՀ տարածքում: Այդ համատեքստում Բաբայանը տարօրինակ է համարում Նուլանդի կոչերը, ով, դիվերսանտներին համարելով հանցագործներ, միաժամանակ կոչ է անում «մարդասիրական ժեստ» կատարել և ազատ արձակել նրանց:

«Դա Լեռնային Ղարաբաղի նախագահի տեսակետն է, ու, ըստ էության, ասված է այն, ինչ պետք է ասվի», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Նախօրեին Լեռնային Ղարաբաղ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրագրողների հետ շփումներում չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը Ասկերովի և Գուլիևի հարցի առնչությամբ. «Արցախպրես» լրատվական կայքի հետ զրույցում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ համոզմունք է հայտնել, թե Քաշաթաղի շրջանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելը կարող է մեղմել առկա լարվածությունը:

«Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծում», - մասնավորապես ասել է Ուորլիքը:

Պատգամավոր Աթանեսյանի կարծիքով սահմանային վերջին լարվածությունը իսկապես ինչ-որ չափով կարող է նույնիսկ պայմանավորված լինել Գուլիևի և Ասկերովի՝ Ղարաբաղում կալանավորված լինելու հանգամանքով: Աթանեսյանը, սակայն, համոզված է՝ նրանց արտահանձնելու դեպքում անգամ Ադրբեջանը վերջ չի տա առաջնագծում իր սադրիչ գործողություններին:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը զայրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարին. Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է՝ որևէ մեկը չի կարող «մեզ խորհուրդ տալ»: «Մեկնաբանման ենթակա չէ և քննարկման ենթակա չէ, և որևէ մեկը չի կարող խորհուրդ տալ՝ ինչ անենք մենք», - այսօր ասել է Հակոբյանը:

Նշենք նաև, որ Վիկտորիա Նուլանդի՝ Ղարաբաղի բանտում պատիժ կրող ադրբեջանցիներին Բաքվին արտահանձնելու մասին հայատարարությունը խիստ քննադատության է արժանացել նաև հակական մամուլի և վերլուծական շրջանակների կողմից: